Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Երեկ սակայն լարված է եղել Արցախում: Ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, եվս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում:
Բաքուն ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին։ Ըստ Արցախի ոստիկանության՝ ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
«Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել։
Սակայն Արցախից հերքում են ադրբեջանական կողմի պնդումները: Արցախի Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով, որի մեջ զենք կամ զինամթերք չի եղել։
Ստեփանակերտը միաժամանակ հաղորդում է, թե ադրբեջանական կողմը վերջին օրերին մի քանի անգամ է խախտել հրադադարը, ինչը հաստատել էր նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Մանրամասները՝ տեսանյութում: