Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից կատարված հանցավոր գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կատարած հանցավոր գործողությունների, 3 անձի սպանության և 1-ին վիրավորում հասցնելու դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են ԱՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով.

«2023թ. մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում՝ Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ:

Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ՝ դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:

Սույն դեպքի առթիվ 05.03.2023թ. ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը»:




Լրահոս