ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է . «Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը․ հրատապ դիմել եմ Հայաստանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՌԴ, Մեծ Բրիտանիա) դեսպաններին. նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն։
Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին հրապարակեց միջանկյալ որոշում՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումից 12 օր անց Ադրբեջանը շարունակում է չկատարել դատարանի պահանջը։ Ավելին, Ադրբեջանը նոր ագրեսիա է իրականացրել արդեն 85 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում․ երեկ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 ծառայող։
Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար և միայն տվյալ գործով: Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահսկողական հնարավորությունները՝ դիմել եմ Հայաստանում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների դեսպաններին, խնդրել եմ հրապարակային կերպով արձագանքել, ցուցաբերել հետևողականություն և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություններին ներկայացնել մեր մտահոգությունները՝ նպատակ հետապնդելով հասնել Դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու որոշման կատարմանը։
Միաժամանակ խնդրել եմ գնահատական՝ երեկ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ահաբեկչության վերաբերյալ, որի արդյունքում հայկական կողմից ունենք զոհեր։
Հ.Գ. Մինչ այսօր միայն Ֆրանսիայի Հանրապետությունն է անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման կատարման անհրաժեշտությանը՝ հանդես գալով հատուկ կոչով»: