ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ երկխոսությունը, որպեսզի նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայի միջազգային դատարանը դեռևս փետրվարի 22-ին իր վճռով պարտավորեցրել էր Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, սակայն Ադրբեջանն անտեսում է դատարանի վճիռը, հրաժարվում է կատարել այն, ավելին՝ նոր սադրանքների է դիմում Արցախում:
Armlur.am-ը զրուցել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:

-Տիկի՛ն Սահակյան, եթե Ադրբեջանը շարունակի անտեսել դատարանի վճիռը, ի՞նչ գործիքակազմ ունի դատարանը, կարո՞ղ է արդյոք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ.

-Դատարանն իր որոշումների մասին տեղյակ է պահում Անվտանգության խորհրդին, դատարանի որոշումների մասին տեղեկացվում են ՄԱԿ-ի մյուս հիմնական մարմինները, դրա շրջանակներում գործող այլ կառույցներ և տարածաշրջանային կառույցները:

Դատական ակտերը չկատարելու համար քննարկումներ են ծավալում տարբեր մարմիններում, հասցեատերն այս դեպքում Անվտանգության խորհուրդն է, որտեղ կարող են բանաձևեր ընդունվել: Այդ բանաձևերը կարող են առնչվել պատժամիջոցների կիրառմանը, կարող են իրենց մեջ քաղաքական կոչեր պարունակել կամ էլ տնտեսական պատժամիջոցների կիրառմանն առնչվել: Այսինքն՝ նման մեխանիզմներ և հնարավորություններ կան, իսկ դրանց գործարկման արդյունքում մեծամասամբ կայացվում են քաղաքական որոշումներ: Իրավական որոշումների կայացման փուլն ավարտվել է, մենք կարող ենք հաջողության հասնել, եթե քաղաքական ատյաններում դիվանագիտական աշխատանքի շնորհիվ կարողանանք հասնել քաղաքական որոշումների կայացմանը:

Եթե այդ որոշումները կայացվեն, ապա իրավիճակը կշտկվի: Իսկ թե որքանո՞վ է հնարավոր աշխարհաքաղաքական բախումների այս փուլում արագ կերպով հասնել հայանպաստ որոշումների կայացմանը, դա խնդիր է: Ես տեսնում եմ աջակցություն, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ միջազգային հանրությունը հակված է լինելու կոշտ գործիքներով խոսել Ադրբեջանի հետ, նախնական գնահատականները լինելու են կոչերի տեսքով, եթե որոշ ժամանակ անց իրավիճակի շտկում չլինի, նոր կփորձեն կոշտացնել գործիքակազմը:

Այս պահին ես միջազգային հանրության մոտ չեմ տեսնում մեծ պատրաստակամություն՝ պատժամիջոցներ կիրառելու:

Ինձ համար սա նաև բացատրելի է, որպես կանոն միջազգային քաղաքական կառույցները զերծ են մնում պետության հանդեպ պատժամիջոցներ կիրառելուց, եթե սպառված չէ երկխոսության ձևաչափը: Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ուղիղ կամ անուղղակի մեթոդներով երկխոսում են և այս երկխոսությունը համարում են կենսունակ՝ քաղաքական օրակարգի սուր հարցեր քննարկելու համար, միջազգային հանրությունը զերծ է մնալու պատժամիջոցների կիրառումից, կամ էլ այնպիսի խիստ քաղաքական որոշումներ կայացնելուց, որի միակ հասցետերը կլինի Ադրբեջանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս