Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և ներկայությամբ՝ փետրվարի 24-ին
արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման
կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ:
Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում,
բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում:
«Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով
ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի
Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Ա. Հարությունյանը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
«Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ
մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու:
Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում
ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել
Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում
բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր
իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի
երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է Նախագահը:
Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության
ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն:
«Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության
խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության
ուղղություններով, որովհետև մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել Պաշտպանության նախարար Կամո
Վարդանյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ընդունվել են օրակարգով նախատեսված մի շարք որոշումներ: