ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ԱՆՊԱՇՏՊԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրոնային առեւտուր կատարելիս, ծառայություններ ստանալիս, օրինակ՝ օնլայն վարկերի կնքման, սննդի առաքման, ապրանքի գնման դեպքերում շատ հաճախ քաղաքացին չի տեսնում, գուցե որոշ դեպքերում չի էլ հասկանում, որ իր համաձայնությունն է տալիս որոշակի պայմանների՝ պայմանագրի, որոնցով կարգավորվում են իրենց իրավահարաբերությունները: Այս մասին երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոնի» տնօրեն Տիգրան Դադունցը:

 

Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնական կտորը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքին՝ հիմնական իրավական ակտին, որով կարգավորում են պայմանագրային հարաբերությունները: «Հիմա շատ զարգացած է օնլայն հարթակներում ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումը, երբ քաղաքացին ոչ թե թղթային ձեւով, գրավոր է պայմանագիր կնքում արտադրողի, ապրանք վաճառողի կամ ծառայություն մատուցողի հետ, այլ այդ ամենը կատարվում է էլեկտրոնային հարթակում: Այս պարագայում, երբ քաղաքացին ինչ-որ կայքով ծառայություն է ձեռք բերում (օրինակ՝ հիմա շատ տարածված է օնլայն վարկերի կնքումը կամ սննդի առաքման օնլայն ծառայությունները) շատ դեպքերում չի տեսնում, գուցե որոշ դեպքերում չի էլ հասկանում, որ իր համաձայնությունն է տալիս որոշակի պայմանների՝ պայմանագրի, որոնցով կարգավորվում են իրենց իրավահարաբերությունները»,- նշեց Տիգրան Դադունցը: Նա հորդորեց քաղաքացիներին որեւէ պատվեր կատարելիս հավելվածում ուշադրություն դարձնել «օգտագործման կարգ» կամ «պայմաններ» բաժիններին, որտեղ զետեղված են բոլոր այն փաստաթղթերը, համաձայն որոնց՝ կարգավորվում են ապրանք վաճառողների կամ ծառայություններ մատուցողների ու քաղաքացիների իրավահարաբերությունները: Դադունցը կասկած հայտնեց, որ հաճախ քաղաքացիները նույնիսկ չեն էլ ծանոթանում այդ պայմաններին, որովհետեւ դրանք տեսանելի ձեւով չեն զետեղված, եւ խնդիր ծագելիս իրավական առումով հայտնվում են անպաշտպան վիճակում:

«Սա վերջին տարիների զարգացումներից է, ուստի Քաղաքացիական օրենսգրքով նման կարգավորում նախատեսված էլ չէ: Հիմա մենք նախատեսում ենք, որ պայմանագիրը կարող է լինել ոչ միայն մեր իմացած թղթային պայմանագիրը, որտեղ բոլոր կետերը նշված են, եւ քաղաքացին տեսնում է, այլ պայմանագիրը կարող է ունենալ ընդհանուր պայմաններ, որոնք պարտադիր չէ, որ գրված լինեն կոնկրետ ապրանք ձեռք բերելու ընթացքում՝ առանձին պատուհանով: Բիզնեսմենը, ապրանք վաճառողը կարող է հղում անել ընդհանուր պայմաններին, որը պարտադիր պետք է տեսանելի լինի սպառողին: Կարգավորումների հիմնական մեխը դա է, այսինքն` բիզնեսմենը պարտավոր է ընդգծված նշում անել, որպեսզի սպառողը հստակ իմանա, որ, առանց նշյալ պայմաններին համաձայնություն տալու, չի կարող օգտվել տվյալ ծառայություններից»,- ընդգծեց Դադունցը: Նրա պարզաբանմամբ՝ այս օրենսդրական փոփոխությունները վերաբերում են Հայաստանում գրանցված ընկերություններին, որոնք էլեկտրոնային առեւտուր կամ ծառայություններ են մատուցում, իսկ արտերկրյա ընկերություններից օնլայն ծառայությունների դեպքում «շատ բարդ դաշտ ենք մտնում», քանի որ այդ դեպքում գործում է տվյալ երկրների օրենսդրությունը: Հաջորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է «միանալու պայմանագրերին», որոնց միանալիս, պայմանագիրը կնքելիս սպառողը չի բանակցում մյուս կողմի հետ, այդպիսի պայմանագրերը համարվում էին տիպային պայմանագրեր, եւ դատարանները վարույթ չէին ընդունում, հիմա փոփոխություններն արված են՝ ի օգուտ քաղաքացու, որը կարող է իր իրավունքները պաշտպանել դատարանում: Տիգրան Դադունցը հավաստիացրեց, որ առաջարկվող փոփոխություններն արվել են՝ հօգուտ քաղաքացու, որն այսուհետ ավելի պաշտպանված կլինի էլեկտրոնային պայմանագրեր կնքելիս: Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթն այս պահին Ազգային Ժողովում է:

 

 

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է 1,7 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել են 2022թ. ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատճառված վնասների եւ քննության ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ տվյալները։

 

Ըստ այդմ՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ենթակայության՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 7.299.459.415 ՀՀ դրամ։ Տարվա ընթացքում վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամի չափով վնաս: 2022թ. ավարտված վարույթներով բացահայտված ընդհանուր վնասը 2021թ. ցուցանիշը գերազանցում է ավելի քան 1,6 մլրդ դրամով կամ 30%-ով։

Մասնավորապես՝ 2022թ. ընթացքում նախաքննությամբ հայտնաբերված՝ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.475.445.223 ՀՀ դրամ։ Նախաքննության փուլում վերականգնվել է 956.223.116 ՀՀ դրամը կամ 38.6%-ը, ընդ որում՝ պետությանը պատճառված վնասների վերականգնման նշված արդյունքը 2021թ. ցուցանիշը գերազանցում է մոտ 37%-ով։ Համայնքին պատճառված 312.467.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 310.156.000 ՀՀ դրամը կամ 99.2%-ը։

Իրավաբանական անձանց պատճառված 2.257.952.000 ՀՀ դրամ վնասից անցած տարվա ընթացքում վերականգնվել է 173.039.000 ՀՀ դրամը։

ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասը կազմել է 2.253.595.192 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում վերականգնվել է 266.329.856 ՀՀ դրամի վնաս: Միջազգային կազմակերպություններին գույքային վնաս չի պատճառվել:

Ձեռնարկվել են միջոցներ դեռեւս չհատուցված վնասի վերականգնումը երաշխավորելու նպատակով։ Կալանք է դրվել մեղադրյալների՝ նախնական հաշվարկով ընդհանուր 1,257.549.000 դրամ արժեքով անշարժ եւ շարժական գույքերի, դրամական միջոցների նկատմամբ, որից ավելի քան 879 մլն-ը՝ պետությանը պատճառված վնասների մասով։ Հանցագործությամբ պատճառված վնասների վերականգնումը ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով իրականացվող նախաքննության առաջնային խնդիրներից է։

 

 

 

 

ՏՆՕՐԵՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի եւ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված եւ միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն ձերբակալվել է։

Դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս նույն օրը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 457-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը եւ փաստաթուղթ կեղծելը:

Միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Ի.Մ.-ի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերավբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը եւ 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Ներկա պահին արգելանքի տակ է գտնվում մեկ անձ։

 

 

 

 

ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՎ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 22-ին՝ ժամը 21:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել 55-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ  hիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:

Էրեբունու ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մուրացանի փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն ձեռքերով հարվածներ էր հասցրել 35-ամյա փեսան, իսկ 28-ամյա դուստրը դանակով խփել էր մեջքին:

Տուժողի 28-ամյա դուստրը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

 




Լրահոս