Մարտի 2-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկազմակերպվի գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակին։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ)։
Դիրիժորներ՝ Վահան Մարտիրոսյան, Զավեն Վարդանյան, Հմայակ Դուրգարյան, Ռոբերտ Մլքեյան։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի, Կոմիտաս/Զ. Սահակյանցի, Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի, Վ.Ա.Մոցարտի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները։ Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Նշենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962 թ. ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ: Շնորհիվ իր վառ անհատականության եւ հեղինակության` Զարեհ Սահակյանցը կարողացավ իր շուրջ համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների, եւ կարճ ժամանակում նվագախումբը ձեռք բերեց մեծ համբավ Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս: Զարեհ Սահակյանցը թողել է կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթներ, որոնք ժառանգել եւ շենացրել են նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը (1975 թ.-ից), Ռուբեն Ահարոնյանը (1982 թ.-ից): 1997 թ. նվագախումբը միավորվեց Զավեն Վարդանյանի ղեկավարած Երեւանի կամերային նվագախմբի հետ (գործել է 1979 թ.-ից):
Կազմավորվեց ներկայիս ՀՊԿՆ-ը, որի ղեկավարությունը ստանձնեց ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: 2011 թ.-ից ցայսօր նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը: Նվագախումբը մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտական մշակույթի տարածման եւ արմատավորման գործում:
ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ Է
12 տարվա համատեղ կյանքից հետո դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը եւ ռեփեր, դերասան Համո Ադիյանն այլեւս միասին չեն: Զույգն ամուսնալուծվել է: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ դերասանուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ Լիլին փոխել էր ամուսնության կարգավիճակը: Դերասանուհու գրառումից պարզ է դառնում, որ զույգն ամուսնալուծվել է 2022 թվականի նոյեմբեր ամսին:
«Կատակ չէ, բայց ամեն ինչ լավ է. ողբերգություն չի եղել: Մենք շարունակում ենք մնալ լավ ընկերներ, բայց սեր այլեւս չկա»,- հետեւորդների ափսոսանքին ի պատասխան՝ գրել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ Լիլի Էլբակյանը եւ Համո Ադիյանն ամուսնացել էին 2010 թվականի նոյեմբերին, երկու երեխա ունեն՝ Էլմիրան ու Էդգարը: Լիլին եւ Համոն ծանոթացել են «Չնչիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ԴԱՐՁԵԼ Է ՇԻԿԱՀԵՐ
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը վերջերս դիմել է արտաքին կտրուկ փոփոխությունների՝ շիկահեր դառնալով եւ կրելով կապույտ լինզաներ: Ֆիլմի պրեմիերային էլ ներկայացել է Dolce & Gabbana վերարկուով։
Պարզվել է՝ ջինսե հագուստն արժե ավելի քան 4500 դոլար։ Հագուստի արժեքը Telegram-ի իր ալիքում հայտնել է ռուս լրագրող Քսենյա Սոբչակը։ «Այստեղ Ֆիլիպ Կիրկորովը պրեմիերային ներկայացել է Dolce & Gabbana ջինսե վերարկուով՝ 350 000 ռուբլի արժողությամբ։ Ինչ-որ տեղ մենք արդեն տեսել ենք նման բան, լավ, ո՞վ է ավելի զիլ»,- գրել է Սոբչակը` Կիրկորովի լուսանկարին կից տեղադրելով Ռիհաննայի՝ նմանատիպ վերարկուով լուսանկարը:
ԿԺԱՌԱՆԳԻ ԴՍՏԵՐԸ
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայկական գորգեր է հավաքում։ Նա հույս ունի, որ դուստրը՝ Օլիմպիան, կժառանգի գորգերը եւ կպահի դրանք։
Օհանյանը պատմել է, թե ինչպես են իր նախնիները սպանվել թուրք զինվորների կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ընտանիքից առգրավվել են երեք գորգ, որոնք եղել են ընտանեկան ժառանգության մաս։
«Այս գորգերը Օլիմպիայի համար են։ Իսկ ո՞վ գիտի, գուցե մենք էլի երեխաներ ունենանք։ Թակեք փայտին. սա այն երկիրը չէ, որտեղից ես պատրաստվում եմ փախչել։ Բայց ես գիտեմ, որ ոչ բոլորն ունեն նման հնարավորություն»,- ասել է Օհանյանը։
Ավելի վաղ նրա կինը՝ Սերենա Ուիլյամսը, պատմել էր, թե ինչպես է Հռոմում իրենց առաջին հանդիպման ժամանակ փորձել առնետով վախեցնել Օհանյանին։ Հիշելով, որ առաջին անգամ տեսավ իր ապագա ամուսնուն՝ Ուիլյամսը Vanity Fair-ին ասել է. «Այս մեծ տղան ներս է մտնում եւ պարզապես ընկնում մեր կողքի սեղանի մոտ, իսկ ես ասում եմ. «Շուրջը շատ սեղաններ կան, բայց նա հենց այստեղ է նստե՞լ»։
Ուիլյամսն ու նրա ընկերները փորձել են ստիպել նրան տեղափոխվել դատարկ սեղաններից մեկի շուրջ եւ նույնիսկ ասել են, որ իր կողքին առնետ կա, սակայն Ալեքսիսը չի շփոթվել. Օհանյանը պատասխանել է. «Ես Բրուքլինից եմ: Ես անընդհատ առնետներ եմ տեսնում»: Սերենան ասել է. «Ահ, դու առնետներից չե՞ս վախենում»:
Հետո Ուիլյամսն իր սեղանի շուրջ է հրավիրում Reddit-ի հիմնադրին, իսկ մնացածն իր հունով գնում է։
ԳՆԵԼ Է Heineken-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԸ
Միլիարդատեր եւ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը ձեռք է բերել հոլանդական Heineken Holding NV-ի (HEIO.AS) արժեթղթերի 3,76 տոկոսը։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։ Նիդեռլանդների ֆինանսական շուկաների վարչության (AFM) հայտարարությունում նշվել է, որ արժեթղթերը գնվել են փետրվարի 17-ին։ Heineken Holding-ը Heineken NV (HEIN.AS) գարեջրի գործարանի վերահսկիչ փաթեթի սեփականատերն է։ Գեյթսը գնել է մեքսիկական FEMSA-ի (որը վաճառում է բաժնեթղթերը) արժեթղթերը։
Գործակալության տվյալներով՝ FEMSA-ն տարբեր գնորդների վաճառել է Heineken Holding-ում իր ունեցած բոլոր 18 մլն բաժնեթղթերը։ Ինքը՝ Գեյթսը, 883 մլն եվրոյով (939,87 մլն դոլար) գնել է 10,8 մլն արժեթուղթ՝ ելնելով շուկայում առկա ընթացիկ գնից։