Օրեր առաջ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է նաեւ ՀՀ կարեւոր ճանապարհների գիշերային լուսավորության հարցը, որի ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց է բարձրացրել այն մասին, որ Երեւան-Հրազդան մուտք հանդիսացող ճանապարհի լուսավորության համար մալուխներն անցկացվել են ոչ թե գետնանցումով, այլ օդային տարբերակով` սյուների վրայով, եւ այդ աշխատանքների նախագիծը ստորագրողն էլ խնդիր ունի: Այս հարցի շուրջ զրուցել ենք Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանի հետ եւ փորձել մանրամասներ պարզել:
-Պարո՛ն Միքայելյան, նախագիծը կազմելիս արդյոք չե՞ք դիտարկել Երեւան-Հրազդան մուտք հանդիսացող ճանապարհահատվածի մալուխները գետնանցումով անցկացնելու տարբերակը:
-Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացված այդ հարցը, տեսանյութը չեմ տեսել եւ չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանը նման հարց կբարձրացներ, որովհետեւ ճանապարհի լուսավորության եւ անվտանգության առումով լավ աշխատանքներ են կատարվել: Նշեմ, որ Հրազդան համայնքի մուտք հանդիսացող Հայ ֆիդայիներ փողոցը երբեւիցե լուսավորված չի եղել, այն տարիներ շարունակ ամբողջությամբ մթության մեջ էր գտնվում, որի հետեւանքով այդ ճանապարհահատվածում տեղի են ունեցել բազմաթիվ վթարներ, անգամ գրանցվել են մահվան դեպքեր:
Իհարկե, նախագիծ պատվիրելիս նաեւ դիտարկել ենք գետնանցումով անցնելու տարբերակը: Մինչ նախագիծ կազմելը տարածքում իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում ի հայտ են եկել կումունիկացիաների խնդիրներ (գազատար խողովակ եւ հաղորդակցման մալուխներ), որոնք կխոչընդոտեին գետնանցումով տանելու աշխատանքներին: Նշեմ նաեւ, որ լուսավորության համար նախատեսված հենասյուներն են անգամ մեծ դժվարությամբ տեղադրվել: Ինձ համար առաջնային էր ճանապարհի լուսավորության հարցը՝ առաջինը` անվտանգային, երկրորդ` քաղաքի արտաքին տեսքի բարելավման առումով, քանի որ այդ ճանապարհահատվածը հանդիսանում է նաեւ որպես քաղաքի մուտք: Երբ ճանապարհը երկար տարիներ լուսավորված չէր, ինչո՞ւ պարոն Սուքիասյանը այդ ժամանակ չէր բարձրաձայնում խնդրի մասին. ինձ համար հետաքրքիր է նաեւ այս հանգամանքը:
Հիմա կարեւոր աշխատանքներ են կատարվել, լուսավորության եւ անվտանգության խնդիր է լուծվել, նոր միայն խոսում են գետնանցումով տանելու խնդրի մասին: Հանձնաժողովի նիստի ժամանակ այդ հարցը բարձրաձայնելուց առաջ, որպես ԱԺ պատգամավոր, Խաչատուր Սուքիասյանը կարող էր այդ հարցով դիմել ինձ:
-Խաչատուր Սուքիասյանը նշել է նաեւ, որ նախագիծը ստորագրողն էլ խնդիր ունի. ի վերջո, Դուք այդտեղ խնդիր տեսնու՞մ եք:
-Միակ խնդիրը ճանապարհի` տարիներ շարունակ չլուսավորված լինելն էր: Այժմ հետիոտն ու վարորդները այս ճանապարհահատվածով երթեւեկում եւ տեղաշարժվում են անվտանգ:
-Եթե տոկոսային հարաբերության վերածելու լինենք, ապա Հրազդան համայնքի քանի՞ տոկոսն է լուսավորված:
-Համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնելուց հետո՝ այս չորս տարիների ընթացքում, արտաքին լուսավորության համակարգն ապահովվել է շուրջ 80-90 %-ով: Բացի ընդլայնումը, լուծել ենք նաեւ արտաքին լուսավորության համակարգի արդիականացման խնդիրը. նախկին` նատրիումային լամպերը փոխարինվել են նոր` լեդ լուսատուներով: Հրազդան համայնքում արտաքին լուսավորության համակարգն ամբողջությամբ արդիականացված է:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Այսօր Արցախի շրջափակման 75-րդ օրն է։ Ինչպես գիտենք, արցախահայության համար այս ծանրագույն փուլում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին հրապարակեց արդարամիտ որոշում. Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։
Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական պատկանելիություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխմանը, խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի եւ կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:
Դատարանը բավարարեց Հայաստանի` ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը եւ պարտավորեցրեց Ադրբեջանին մինչեւ «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար եւ միայն տվյալ գործով:
Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:
Ադրբեջանը, սակայն, ոտնահարում է նույնիսկ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի կանոնադրության առանցքային դրույթները.
Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ որոշումից անցել է արդեն շուրջ 2 օր, սակայն Ադրբեջանը գործում է հերթական հանցագործությունը՝ շարունակելով արգելափակել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Հրատապ գրություն եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ խնդրելով իրենց մանդատի շրջանակներում.
-նպաստել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը,
-ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը»։
ՊԵՏԵՐ ՉԿԱՆ
ՀՀ կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, չնայած շատ կարեւոր գործառույթներ ունի կատարելու, որպեսզի շարունակ կրկնվող հրդեհները գոնե չլինեն, սակայն դրա համար անհրաժեշտ աշխատակազմը մասամբ է համալրված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, պետ չունեն Իրավական աջակցության եւ փաստաթղթաշրջանառության վարչությունը, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վարչությունը, Էներգետիկայի եւ էներգասպառման վերահսկողության վարչությունները, ինչպես նաեւ Երեւանի քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության բաժանմունքը: Կան նաեւ բաժիններ, որոնք թափուր հաստիքներ ունեն: Թափուր է նույն Իրավական աջակցության եւ փաստաթղթաշրջանառության իրավաբանական բաժնի պետի, Քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության քաղաքաշինական վերահսկողության բաժնի պետի պաշտոնները: Իսկ ինչո՞վ է զբաղված այս կառույցը: Պաշտոնական կայքում վերջին նորությունը հրապարակվել է այս տարվա հունվարի 13-ին՝ որպես իրազեկում վերելակների փորձաքննության պարտադիր լինելու վերաբերյալ: Այս կառույցն ակտիվ է ֆեյսբուքյան էջում եւ պարբերաբար հայտնում է այս կամ այն ընկերության աշխատանքը դադարեցնելու որոշման մասին:
ՉԻ ՎԵՐԱՀՍԿԻ
Արցախի պետական նախարարի համակարգման ոլորտում Արտաքին գործերի նախարարությունն այլեւս չի լինի: Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդանյանը երեկ՝ փետրվարի 23-ին, ազատվել է պետական նախարարի պաշտոնից։ Նախագահը կառավարության նիստին հայտարարել է, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Վերջինս ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկը։
Երեկ կառավարության նիստում, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարեց Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին, նա հայտնեց, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները, բացառությամբ ուժային մարմինների եւ Արտաքին գործերի նախարարության: Մինչեւ այժմ պետնախարարի վերահսկողությունից դուրս էին միայն ուժային մարմինները։
Այժմ արտաքին գործերի նախարարը Սերգեյ Ղազարյանն է, որը մինչ այս Հայաստանում Արցախի ներկայացուցիչն էր: Վերջինս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մտերիմներից է, եւ հենց նա է Մոսկվայում ուսանած Ղազարյանին հրավիրել Արցախ եւ պաշտոն առաջարկել: