Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ փետրվարի 22-ին եւ 23-ին ամփոփվել են Երեւանի մի շարք վարչական շրջանների դատախազությունների՝ 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել վարչական շրջաններում արձանագրված հանցավորության դեպքերը, դրանց բացահայտման ցուցանիշները եւ կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները:
Մասնավորապես՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի խոսքով՝ 2022 թվականին գրանցվել է հանցագործության 2688 դեպք (2021 թվականին՝ 1846): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ. աճել են սպանության փորձի դեպքերը (2022 թվականին՝ 4, 2021 թվականին՝ 1), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը (2022 թվականին՝ 12, 2021 թվականին՝ 6) եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը (2022 թվականին՝ 7, 2021 թվականին՝ 1): 2022 թվականի ընթացքում նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (2022 թվականին՝ 1128, 2021 թվականին՝ 1278): Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում եւս աճ է արձանագրվել (2022 թվականին՝ 103, 2021 թվականին՝ 68):
Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2696 դեպք (2021 թվականին՝ 1950): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջանում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ (2022 թվականին՝ 411, 2021 թվականին՝ 176): Աճել է նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը (2022 թվականին՝ 1358, 2021 թվականին՝ 1335): Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը եւս 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, աճել են (2022 թվականին՝ 153, 2021 թվականին՝ 61):
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4260 դեպք (2021 թվականին՝ 3134): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 373 դեպք (2021 թվականին՝ 187): 2022 թվականին նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 1232, 2021 թվականին՝ 1318): Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում 2022 թվականի ընթացքում աճ է գրանցվել նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 141, 2021 թվականին՝ 71):
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4883 դեպք (2021 թվականին՝ 3834): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 481 դեպք (2021 թվականին՝ 331): 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, նախորդ տարվա համեմատ, նվազել են 30-ով (2022 թվականին` 2085, 2021 թվականին՝ 2115): Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 167 դեպք (2021 թվականին՝ 94):
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 2087 դեպք (2021 թվականին՝ 1879): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 290 դեպք (2021 թվականին՝ 272): 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 674 դեպք (2021 թվականին՝ 959): Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 252 դեպք (2021 թվականին՝ 233):
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է ուսումնասիրել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող, սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման կամ վարձակալության հանձնելու դեպքերը եւ քայլեր ձեռնարկել՝ խախտումներով օտարված հողերը պետությանն ու համայնքներին վերադարձնելու ուղղությամբ:
Գլխավոր դատախազը նաեւ հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթների քննությունը, ակտիվացնել նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:
ԿԱՆԽՎԵԼ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Օրերս ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձեւակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Ստացված տեղեկությունների իրականացման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ բեռնատարը: Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել:
Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն զննման: Ռենտգեն հսկողությունից խախտման հատկանիշներ չհայտնաբերվելուց հետո տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար: Արդյունքում պարզվել է, որ արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են, ունեն երկհատակ, ինչը ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց է: Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի ծխախոտներ, ընդհանուր քանակը՝ 303 հազար 460 տուփ:
Իրավախախտման օբյեկտ համարվող ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում ՊԵԿ-ի կողմից տրամադրող ակցիզային դրոշմանիշներին, իսկ մնացած մասի վրա ընդհանրապես ակցիզային դրոշմանիշներ առկա չեն: Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածի հատկանիշներ: Դեպքի առնչությամբ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախության վարչություն հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ
Փետրվարի 23-ին՝ ժամը 15:16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում կրակ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության եւ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի 1-ին եւ 2-րդ փողոցների տարբեր փակուղիներում այրվում են երկու անասնագոմ եւ բուսածածկույթ:
2-րդ օջախում հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 17։56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատված, մոտ 3000 քմ բուսածածկույթ եւ ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը։
1-ին օջախում հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:59-ին: Այրվել են անասնագոմի բաղդադե տանիքը (24 քմ) եւ մոտ 500 քմ խոտածածակույթ:
ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ ՉԻ ԵՂԵԼ
Փետրվարի 22-ին՝ ժամը 03:00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Խնձորեսկ գյուղի տներից մեկը՝ բուժօգնություն ցույց տալու 49-ամյա տղամարդուն, սակայն նա եղել է մահացած: Բաժնից նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Տան անդամները հայտնել են, որ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա հանկարծամահ է եղել:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Փաստով Գորիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել:
Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ պարզվել է, որ փետրվարի 22-ի ժամը 17:00-ի սահմաններում Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքի անասնագոմում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 49-ամյա տղամարդն ու 23-ամյա խնձորեսկցի երիտասարդը: Երիտասարդը հրել գցել է 49-ամյա տղամարդուն, ինչի հետեւանքով նա գլխի հետեւի մասով հարվածել է բետոնե ախոռին: Տղամարդն այնուհետեւ գնացել է տուն, որտեղ էլ ժամեր անց գլխի շրջանում ստացած վնասվածքների պատճառով մահացել է:
23-ամյա երիտասարդը տարվել է ոստիկանության Գորիսի բաժին եւ բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել կատարվածն ու ներկայացրել դիմում-մեղայական: Նա ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: