Ադրբեջանական կողմի մարդկային կորուստները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Արցախի պետնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին: Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող և վիրավորվել մեկը, պետնախարարն այն ահաբեկչական է որակել: Նա ընդգծել է, որ այսպիսով Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակը այդ պետությունը օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական այս հանցագործությունը:

Պետնախարարը հարցազրույցում նշել է նաև, որ ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

Գուրգեն Ներսիսյանը նաև միջազգային հանրության պահվածքից է խոսել՝ դա որակելով անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում:

«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ոչ զիջելու և ոչ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, և թե՛ արդբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը պատասխանելով միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին հարցին՝ նշել է, որ շուրջ երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում հումանիտար աղետ ստեղծելուց բացի Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները: «Միջազգային հանրության մոտ եթե ցանկություն լիներ, նրանք անմիջապես կգային՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչպես է ապրում շրջափակված 120․000 հայ բնակչությունը. Արդյոք ճանապարհը կամ միջանցքը հասանելի է, արդյոք ունենք կապ արտաքին աշխարհի հետ և թե նվազագույն պարենի պաշարն ապահովելու համար ինչերի միջով ենք ստիպված անցնել», – նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Անդրադառնալով արցախցիների արժանապատվության մասին հարցին՝ պետական նախարարը նշել է, որ մեր արժանապատվությունը իրենց կյանքը զոհաբերած ոստիկաններն են, մեր քաղաքացիների ինքնապաշտպանությունն ապահովող անձինք են, երեսուն տարի մեր երկրի սահմանները անառիկ պահած մեր քաջորդիներն են։




Լրահոս