Միացյալ Նահանգները և Իսրայելը երկուշաբթի օրը պայմանավորվել են ուժեղացնել միջոցառումների համակարգումը, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստանալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երկու երկրների համատեղ հայտարարությունը:
«Պաշտոնատար անձինք մեծ մտահոգությամբ են դիտարկել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը և հաստատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության բնագավառում բազմամյա գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ նպատակը։ Այդ կապակցությամբ պաշտոնատար անձինք պարտավորվել են խստացնել միջոցառումների համակարգումն Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու և տարածաշրջանում Իրանի թշնամական գործողությունները հետագայում զսպելու ուղղությամբ», – նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը նշում է, որ մարտի 6-ին Վաշինգտոնում անցկացվել է ամերիկա-իսրայելական ռազմավարական խորհրդատվական խմբի նիստը: Այն տեղի Է ունեցել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի, Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի մասնակցությամբ:
Նրանք նաև քննարկել են ԱՄՆ-ի զինված ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի՝ վերջերս անցկացված համատեղ զորավարժությունների արդյունքները։ Նիստի ժամանակ երկու կողմերը քննարկել են «Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իսրայելի անվտանգության և քաղաքական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ջանքերը»:
«Պրն. Սալիվանը դարձյալ ընդգծել ԱՄՆ-ի նախագահ Բայդենի անդրդվելի հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը, ինչն արտահայտված է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ Երուսաղեմի համատեղ հռչակագրում, որն ստորագրվել է 2022 թվականի հուլիսին նախագահի՝ Իսրայել կատարած այցի ժամանակ», – նշվում է հայտարարության մեջ։