Ազգային ժողովում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են ընթանում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն անդրադարձավ երեխայի խնամքով զբաղվող աշխատողների իրավունքներին։
«Որոշակի փոփոխություններ կատարել ենք այդ հոդվածներում։ Հիմնական ուղղվածությունն առաջինը տարիքային փոփոխություններն են, ինչպես նաեւ ճկունություն ենք ապահովել։
Առկա կարգավորմամբ՝ մինչեւ երեխայի 1,5 տարեկան լրանալը կինն իրավունք ունի իր 30 րոպեանոց ընդմիջումները միավորելու ու տեղափոխելու կա՛մ օրվա սկիզբ, կա՛մ օրվա վերջ, կա՛մ իր հանգստի՝ ընդմիջման հատվածին։ Եթե նախկինում մինչեւ 1 տարեկան 6 ամսականն էր, նախատեսվում է երեխայի տարիքը տեղափոխել մինչեւ 2 տարեկան»,-ասաց փոխնախարարը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն անդրադարձավ կենսաթոշակային տարիքի հասած աշխատող անձանց իրավունքներին։
«Գիտենք բոլորս, որ կենսաթոշակային տարիքի շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են շարունակել աշխատել, եւ ավելին՝ շատ դեպքերում աշխատանքը նաեւ սոցիալական խնդիրներ է լուծում։ Մեր Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում կար աշխատանքից ազատման հիմքը. այժմ նախագծով առաջարկվում է հանել այդ հիմքը։
Վստահ եմ՝ կհիշեք, որ Աշխատանքային օրնեսգրքով այժմ ամրագրված է, որ կենսաթոշակային տարիքի անցած քաղաքացու հետ անորոշ ժամկետով պայմանագիր կնքելը հնարավոր չէր։ Նախագծով այդ հնարավորությունը նույնպես սահմանել ենք, ինչը եւ՛ աշխատողին, եւ՛ գործատուին հնարավորություն կտա փոխադարձ համաձայնության պարագայում շարունակել իրենց աշխատանքային հարաբերությունները»,-ասաց փոխնախարարը։
Այս փոփոխությունների շրջանակում անդրադարձ է կատարվել նաեւ աշխատողների հանգստին վերաբերող կարգավորումներին։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ ներկայում, եթե աշխատողը արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն որեւէ լիազորություն չունի մարդուն արձակուրդ ուղարկելու:
«Առաջարկվող կարգավորումով սահմանվում է՝ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատողին իր հայեցողությամբ ուղարկել արձակուրդի:
Եթե գործատուն աշխատողին, իր դիմումի համաձայն, արձակուրդ չի տրամադրում, ապա նախատեսվում է տուժանք՝ աշխատավարձի 0.15 տոկոսի սահմաններում (աշխատողի միջին ամսական աշխատավարձի)»,- ասաց Ռուբեն Սարգսյանը։
Գործող կարգավորումներով՝ աշխատող-գործատու հարաբերություններ սկսելուց 6 ամիս անց էր միայն աշխատողին արձակուրդի հնարավորություն տրամադրվում: Հիմա ավելի ճկուն հնարավորություն է տրվել. դա կթողնվի աշխատող-գործատու հայեցողության վրա:
Ռուբեն Սարգսյանը նշեց, որ ընդլայնվել է աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չհամարվող հանգամանքների ցանկը։
Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չեն կարող համարվել մաշկի գույնը, ինչպես նաեւ աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներ։
Փոփոխության կենթարկվի նաեւ արտաժամյա աշխատանքի վերաբերյալ օրենսդրությունը։ Գործող օրենսդրությամբ սահմանվում են այն դեպքերը, երբ արտաժամյա աշխատանքը հնարավոր է։
«Փորձում ենք ճկունություն ապահովել։ Եթե աշխատողի եւ գործատուի համաձայնությունը լինի, ապա աշխատողը կարող է արտաժամյա աշխատանք իրականացնել, վճարվել դրա համար։ Որոշակի սահմանափակումներ պահպանել ենք»,-նշեց Սարգսյանը։
Բացի այդ, հստակեցվել են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը։ Գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում, եթե աշխատողը նույն գործատուի հետ առանց աշխատանքային պայմանագրի լուծման, փոխադրման, տեղափոխման, այլ աշխատանքի է անցնում։
ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումների համաձայն, վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները։
Մասնավորապես, 2023թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք ստանում են վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի, այսինքն՝ հանդիսանում են թվարկված եկամուտների մասով գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի ստացող կողմ:
Իրականացված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 1-ից սահմանափակվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռքբերումների գծով ծախսագրումը, ըստ որի՝ շահութահարկ վճարողները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը։
Կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ» ենթաբաժնում ներկայացվում են հարկ վճարողների հարկման ռեժիմները, այդ թվում՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Նշված տեղեկատվությունը հասանելի է նաեւ հարկ վճարողների Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ «Անձնական գրասենյակ» բաժնի «Հարկ վճարողներ» ենթաբաժնում։
Միաժամանակ, 2023 թվականի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից, իսկ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին վճարվող կամ հաշվարկվող եկամուտներից եկամտային հարկը, ամսական 5000 դրամի փոխարեն, 2023 թվականի հուլիսի 1-ից կհաշվարկվի ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափով։