Փետրվարի 23-ին, Արցախի նախագահի որոշմամբ, պետնախարարի պաշտոնից ազատվեց Ռուբեն Վարդանյանը: Արայիկ Հարությունյանը Վարդանյանին պաշտոնանկ անելու կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել՝ սահմանափակվելով հետեւյալ նախադասությամբ. «Մեր բոլորիս եւ պետության՝ բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»:
Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանի հետ:
-Տիկի՛ն Հայրապետյան, Ռուբեն Վարդանյանի հեռանալուց հետո ի՞նչ նոր զարգացումներ են հնարավոր Արցախում:
-Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումը կապված է Մոսկվա-Բաքու բանակցություններով եւ պայմանավորվածություններով: Հավանաբար, Մոսկվան սա փորձում է ներկայացնել որպես զիջում իր կողմից Բաքվին: Արցախում կանխատեսվում էր երկու հավանական սցենար. քանի որ ադրբեջանցիների «ակցիան» չի արդարացնում, Ադրբեջանը գնալու էր կա՛մ լոկալ ռազմական սցենարով, կա՛մ էլ ներքաղաքական ինտրիգներ հրահրելու սցենարով: Ըստ էության, ընտրվեց երկրորդ ճանապարհը՝ ներքաղաքական ինտրիգներ հրահրելու, եւ այդ հարցում, բնականաբար, նրանց օժանդակեց Թուրքիան: Եթե դատենք նաեւ ռուս գործիչների հայտարարություններից, նրանք փորձում էին Լաչինի միջանցքում իրենց հեղինակազրկվելը փրկել՝ ճնշումներ գործադրելով Արցախի իշխանությունների վրա եւ նրանցից զիջումներ կորզելով, քանի որ չէին կարողանում հարկադրել Ադրբեջանին կամ էլ չեն ցանկանում: Ես ավելի հակված եմ մտածել, որ չեն կարողանում, բայց վստահ չեմ: Ամեն դեպքում, Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում մնալու որոշումը ողջունելի է, իսկապես. եթե մարդը նպատակ է դրել, ուրեմն պաշտոնն ընդամենը միջոց է:
-Ալիեւն ասում էր, որ չի պատրաստվում բանակցել Ռուբեն Վարդանյանի հետ, որին համարում էր Ռուսաստանի մարդ: Արդյոք Վարդանյանի հեռանալուց հետո Ադրբեջանը կսկսի՞ բանակցել Լաչինի միջանցքի մասով, թե՞ նոր պատճառաբանություն կբերի բանակցություններից հրաժարվելու համար:
-Բաքուն սրանով չի բավարարվելու, քանի որ Ադրբեջանի ախորժակը բացվում է զիջումներից: Ավելին՝ ադրբեջանական քարոզչադաշտը պատգամավորների եւ իշխանական տարբեր փորձագետների մակարդակով պնդում է, որ հաջորդը պետք է հասնեն հսկիչ անձնագրային կետի տեղադրմանը: Այդ առումով ծանր են տարել Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը, որ նման բան չի լինելու, բայց ադրբեջանական կողմը հայտարարում է, որ իրենք պետք է փորձեն հասնել դրան ամեն գնով մինչեւ 2025թ.-ը: Ալիեւը մտադիր է մինչեւ 2025թ.-ը ազատվել այնտեղ ապրող հայերից. նա 1,5 տարի ժամանակ է ինքն իրեն տվել այս խնդիրը լուծելու համար, փորձելու է այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերացնել, որպեսզի հետո էլ հասնի ռուս խաղաղապահների դուրսբերմանը: Ես կարծում եմ՝ այս սցենարով է գնալու Ալիեւը. եթե որեւէ մեկը չկանխի այս պլանները, ապա մենք աղետալի հետեւանքներ կունենանք Արցախում եւ դրանից անմիջապես հետո՝ Հայաստանում: Ամեն դեպքում, շատ բան կախված է նաեւ Լավրովի առաջիկա այցից Բաքու. հիմնական բանակցություններն այս հարթակում են գնում:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՄՆԱԼՈՒ ԱՆՕԹԵՒԱՆՆԵՐԸ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթեւան մնալ: Որքան էլ ՀՀ ՊԵԿ-ը պնդում է, որ տարածքը պետական է, եւ մարդիկ պետք է լքեն այն, ամեն դեպքում, պետությունը պարտավոր է նախ նրանց ապահովել պատշաճ կացարանով եւ միայն նոր հարկադրաբար հեռացնել տարածքից:
Նախ՝ տեղեկացնեմ, որ իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետները ոստիկանական ողջ գործողությունների ընթացքում եղել են ՊՆ նախկին վարչական համալիրի տարածքում, արձանագրել իրավիճակը:
Արդեն գրեթե երկու շաբաթ է՝ ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակվող անձինք ընտանիքներով, որոնց մեջ են անչափահաս երեխաներ, ձմռան ցրտին բնակվում են վրանային պայմաններում։ Համալիրի տարածքում բնակվող անձանց շարքում են գործող եւ նախկին զինվորականներ, արցախյան պատերազմի մասնակիցներ, ծերեր, կանայք, մանկահասակ երեխաներ։ Արդեն իսկ առկա են դեպքեր, երբ ծերերի եւ անչափահասների շրջանում նկատվում են հիվանդացության դեպքեր։
Խնդրի վերաբերյալ դիմել եմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ պահանջելով հստակ պարզաբանում.
l ի՞նչ ժամկետներում է նախատեսվում լուծել ՊՆ նախկին շենքի բնակիչների կացարանի հարցը,
l որտե՞ղ են նախատեսում տեղափոխել անօթեւան դարձած քաղաքացիներին,
l արդյոք գործո՞ւմ է նախարարության կողմից նշած վարձավճարի փոխհատուցման ծրագիրը. եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ պայմաններով:
Դիմել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ խնդրելով հնարավորություն ստեղծել ՀՀ ՊՆ նախկին շենքի տարածքում բնակվող անձանց վերադառնալու վարչական համալիրի տարածքում գտնվող իրենց նախկին բնակության վայր մինչեւ իրավասու մարմնի կողմից վերջիններիս կեցավայրի հարցի լուծումը։
Քաղաքացիների ահազանգերի հետքերով գրություն եմ ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարին, փոխանցել վերջիններիս մտահոգությունն առ այն, որ իրենց՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը ոչնչացվել կամ անհայտացել է, իրենց նկատմամբ դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք։
Նախարարից պահանջել եմ կատարել անհրաժեշտ քայլեր՝ հակաիրավական արարքներ կատարած ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար՝ արդյունքների մասին տեղեկացնելով ինձ։
Ակնկալել եմ նաեւ պարզաբանում, թե ինչ իրավաչափ պահանջով է պայմանավորված, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելում են տարածքում երկրորդ վրան տեղակայելը, իսկ եթե նման պահանջ չկա, կամ այն իրավաչափ չէ, խնդրել եմ արգելք չհանդիսանալ քաղաքացիների կողմից տարածքում վրաններ տեղակայելուն մինչեւ իրավասու մարմինների կողմից քաղաքացիների կացարանի հարցի լուծումը։
Հետեւողական եմ լինելու հարցի համապարփակ կարգավորմանը. մարդկանց իրավունքները չպետք է խախտվեն»:
ՍԽԱԼ PR
Միջազգային իրավական հարցերով մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հանրային խոսքում մշտապես շեշտել է Հաագայի միջազգային դատարան դիմելու կարեւորությունը, Նիկոլ Փաշինյանի PR թիմն օրեր շարունակ ոգեւորված տարածում էր դատական լսումների տեղեկությունները՝ հասարակությանը կերակրելով, թե, ահա, միջազգային դատարանում քննվում է հայերի համար կարեւորագույն հարցը, եւ վճռից հետո Լաչինի միջանցքը կբացվի եւ այլն: Կյանքը ցույց տվեց, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով էր զբաղված: Նրանք ցույց են տալիս, թե գործում են, բայց գործում են իրականում զերո արդյունավետությամբ: Ինչո՞ւ ենք այդպես ասում. երեկ նույն Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց. «Ցավոք, միջազգային իրավունքում չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ հարցերով: ՄԱԿ-ի դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման կողմերի համար, բայց իրականացման համար ժամկետ չկա նշված»:
Ազնիվ կլիներ, որ Կիրակոսյանն ու իր պրոֆեսիոնալների թիմը հասարակության մոտ անիմաստ սպասումներ չառաջացնելու համար նախապես հայտարարեին, որ ինչ վճիռ էլ կայացնելու լինի ՄԱԿ-ի միջազգային դատարանը, չի կատարվելու այն: Դա պետք է ասեին՝ աշխարհի շատ երկրների նախադեպերը հաշվի առնելով: Ինչ խոսք, օրինակներ շատ կան աշխարհում, որ կայացվել են վճիռներ կամ միջանկյալ միջոցներ, որոնք չեն կատարվել, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջազգային դատարանը կարողանում է արդյունավետ աշխատել միայն այն դեպքում, երբ այն պետությունը, որի օգտին կայացվում է որոշումը, ի վիճակի է միջազգային հանրության միջոցով իրագործել այդ վճռի կամ միջանկյալ միջոցի կիրառումը: Կյանքը ցույց տվեց, որ որեւէ կերպ ՀՀ կառավարությունը չի կարողանում միջազգային ճնշում կազմակերպել, որպեսզի կատարվի վճիռը: Միայն Եվրամիությունը եւ Ֆրանսիան են հայտարարել, որ անհրաժեշտ է կատարել Հաագայի դատարանի որոշումը, սակայն դեռ անօգուտ. 81 օր է՝ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը:
ՎԱՐՁԱՏՐՈՒՄ՝ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվելու: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրենքի ընդունման արդյունքում նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով:
Հիմնավորման մեջ նշվում է, թե առաջարկի հիմքում դատախազների աշխատանքի ռիսկայնությունն է, ինչպես նաեւ այդ աշխատանքն առավել գրավիչ դարձնելու նպատակը: Նշվել է, որ հավելումը դատախազները կստանան ոչ հավասար չափով, յուրաքանչյուր դատախազ հավելում կստանա` ըստ իր դրույքաչափի:
Նշենք, որ այս նախագիծը քննարկվելու է վաղը մեկնարկելիք նստաշրջանի օրակարգում: