20 ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ 12-Ը ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում, հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացին զուգահեռ, ավելի հաճախակի են դարձել իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց ծառայողական գործողություններին միջամտելու, առանձին դեպքերում ընդհուպ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերը։

 

ՀՀ քննչական կոմիտեում կատարված՝ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով նախաձեռնված եւ քննվող քրեական վարույթների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2023թ. փետրվարի 5-ի դրությամբ նշված հոդվածի հատկանիշներով քննվող 44 քրեական վարույթներից 27-ը նախաձեռնվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայողների ծառայողական գործունեությանը միջամտելու փաստերի առթիվ։ Ընդ որում՝ միայն 2023թ. հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է այդպիսի 9 քրեական վարույթ։

Նշված 9 վարույթներից 2-ը նախաձեռնվել են պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց կամ նրանց մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի (ՀՀ քր. օր. 452-րդ հոդվածի 1-ին մաս), 3-ը՝ վերջիններիս գույքը վնասելու (ՀՀ քր. օր. 452-րդ հոդվածի 2-րդ մաս), 3-ը՝ նշված անձանց նկատմամբ բռնություն գործադրելու (նույն հոդվածի 3-րդ մաս), իսկ 1-ը՝ սպառնալիքի եւ բռնության գործադրման համակցության (նույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մաս) հատկանիշներով։

2023թ. ընթացքում քննվող եւ մեղադրական եզրակացությամբ ավարտված քրեական վարույթների շրջանակում 29 պարեկային ծառայող ճանաչվել է տուժող, որոնցից 6-ը՝ բռնություն գործադրելու սպառնալիքի, իսկ 23-ը՝ բռնություն գործադրելու հետեւանքով։

Քննվող, մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթներով 20 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 5-ը՝ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի, իսկ 15-ը՝ բռնություն գործադրելու համար։

Ընդ որում, կառավարման կարգի դեմ ուղղված այս հանցագործությունների մի մասը կատարվել է այլ բնույթի հանցավոր գործողությունների համակցությամբ։ Մասնավորապես՝ 2 դեպքում դրանք ուղեկցվել են խուլիգանական արարքներով, 1 դեպքում՝ ապօրինի ծառահատման կամ փայտանյութի տեղափոխման, 1-ը՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու։

Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու արգելված արարքներ կատարելու համար ընդհանուր 20 մեղադրյալներից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 4-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 1-ի նկատմամբ՝ գրավ եւ բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ՝ գրավ եւ տնային կալանք։

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 1 քրեական վարույթ 1 անձի նկատմամբ:

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ ծառայողական պարտականությունները կատարող համապատասխան ծառայողների, այդ թվում՝ նաեւ պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որեւէ ձեւով միջամտելը, մասնավորապես՝ նրանց, նրանց մերձավորների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը, նրանց գույքը ոչնչացնելը կամ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելը քրեորեն հետապնդելի արաքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ 5-ից մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում։

Հասարակական կարգը պահպանելու, Հայաստանում պարեկային ծառայության ներդրման գործընթացին չխոչընդոտելու նպատակով ինչպես երթեւեկության մասնակիցներին, այնպես էլ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծաառայողների նկատմամբ որեւէ հանցավոր ոտնձգություն կատարելուց եւ դրսեւորել իրավահպատակ վարքագիծ։

Ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողություններից դժգոհություն, անհամաձայնություն ունենալու պարագայում, ինքնաբուխ հակաօրինական գործողություններ կատարելու փոխարեն, անհրաժեշտ է դիմել բացառապես իրավական միջոցների՝ օգտվելով պաշտոնատար անձանց առերեւույթ ոչ իրավաչափ գործողությունները վարչական կամ քրեաիրավական ընթացակարգերով վիճարկելու իրավունքից։ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հանցավոր վարքագիծ դրսեւորելու բոլոր դեպքերը մանրակրկիտ եւ անաչառ քննությամբ բացահայտվելու են, իսկ հանցավոր արարքը հիմնավորող բավարար փաստական տվյալների համակցություն ձեռք բերելու դեպքում համաչափ քրեաիրավական հետեւանքները լինելու են անխուսափելի։

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՄԵՆԵՋԵՐԻՆ

Փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երեւանցի։ Կենտրոնական բաժնից քրեական հետախույզներ մեկնեցին հիվանդանոց. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում միջադեպ էր եղել։

19-ամյա մի երիտասարդ ակումբում ատրճանակից կրակել էր, ակումբի մենեջերն էլ միջամտել էր։ Վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակով խփել էր մենեջերին։ Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա մոտ ատրճանակ ու ծալովի դանակ հայտնաբերվեցին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդը եւ դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում բացահայտվել են մաքսային կանոնների խախտումների նոր դեպքեր։

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կողմից դեկտեմբերի 17-ին՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով մանդարինի անվան տակ հագուստի ներմուծման դեպքի բացահայտումից հետո, ՀՀ ՊԵԿ կողմից կատարված ուսումնասիրությունների եւ հարցումների միջոցով պարզվել է, որ նույն կազմակերպությունների կողմից 2022թ. հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նույն եղանակով տարբեր մրգերի եւ բանջարեղենի անվան տակ ՀՀ է ներմուծվել հագուստ՝ 21 տարբեր դեպքերով, ընդհանուր առմամբ՝ 210 տոննա քաշով։

Նշվածի վերաբերյալ փաստաթղթերը կփոխանցվեն վարույթն իրականացնող մարմնին քրեական վարույթի շրջանակում հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

 

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐ

ՀՀ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Ստամբուլ-Երեւան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչության ուղեւորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղու» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո մաքսային ծառայողները քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության. նրա գրպաններից հայտնաբերվել է 6 պոլիէթիլենային փաթեթվածք՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 14 գրամ քաշով: Նրա մոտ առկա է եղել նաեւ 1 փաթեթ՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 29 գրամ քաշով, եւ 3 դատարկ այլ փաթեթ։ Հայտնաբերված ադամանդանման քարերի ընդահանուր քաշը կազմել է շուրջ 43 գրամ:

Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։ Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:

 

 

 

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ փետրվարի 27-ին, բավարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը եւ դադարեցրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Որոշումն ընթերցեց ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

ArmLur.am-ը գրել էր՝ ԲԴԽ-ն այս անգամ ամեն քայլի կգնա դատավորի լիազորությունները դադարեցնելու համար:




Լրահոս