Ադրբեջանը որպես հաղթած պետություն է դիրքավորվել, իսկ հաղթողների ողորմածությանը հանձնվելը ճիշտ չէ. Խաչիկ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Արցախի շուրջ տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ զրուցել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, բանակցությունների փորձագետ Խաչիկ Գալստյանի հետ:

-Պարո՛ն Գալստյան, Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ավարտին, համատեղ մամուլի ասուլիսում, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորումից, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից, ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են.

– Արևմտյան տարբեր հարթակներ երբեմն օգտագործում են այդպիսի կեղծ կատեգորիաներ՝ զուտ կոնֆլիկտներն ու հակամարտությունները ավելի սրելու համար: Իհարկե, մի կողմից կարելի է կառչել ցանկացած հայտարարությունից, որոնք Արցախի ինքնորոշման մասին են, մյուս կողմից էլ՝ եթե կան այդպիսի հայտարարություններ, և այդ գիծն իրականում եվրոպացիների համար հիմնական ուղենիշներից մեկն է, նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է վստահ գործեն և պահանջատեր լինեն, բայց կրկնում եմ, նման հայտարարություններն ինձ համար հուսադրող կամ ուղենիշային չեն, քանի որ ավելի շատ ուղղված են աշխարհաքաղաքական հակամարտություն բորբոքելուն և հայկական քաղաքական ու հասարակական դաշտը հակառուսականությամբ լցնելուն:

-Պարո՛ն Գալստյան, մինչ եվրոպական տարբեր երկրներ ակնարկում են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, հիշում ենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ինչպե՞ս կմեկնաբանեք սա.

-Ե՛վ եվրոպական, ե՛վ ռուսական հարթակներից պարբերաբար խոսվում էր այն մասին, որ արցախյան կոնֆլիկտը կարգավորված չէ, կա նույնիսկ կարգավիճակի խնդիր, որն այժմ լուծելու պատեհ առիթը չէ, բայց այն անպայմանորեն բաց է մնում և պետք է տեղափոխվի հաջորդ քննարկումների դաշտ, բայց Հայաստանի իշխանությունները մեկընդմիշտ ցանկանում են ազատվել արցախյան հիմնահարցից, փորձում են այն դուրս Հայաստանի ներքաղաքական օրակարգից:

Իսկ նշաձողի իջեցման կեղծ թեզն անընդունելի է, ասեմ ավելին՝ և՛ ռուսական, և՛ եվրոպական բոլոր հարթակներում այս իշխանությունները հրապարակավ բանակցելով, միևնույն ժամանակ նրանք նաև ուղիղ կապ ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ, իսկ միջազգային հանրության հետ բանակցությունների հարթակն օգտագործում են Ադրբեջանի հետ ներքին պայմանավորվածությունները միջազգային լեգիտիմությամբ ապահովելու համար:

Այս իշխանությունները ուղիղ համագործակցում են ադրբեջանական իշխանությունների հետ: Ադրբեջանն այսօր որպես հաղթած պետություն է դիրքավորվել, իսկ հաղթողների ողորմածությանը հանձնվելը՝ այն էլ քո դարավոր հակառակորդների, ճիշտ չէ:

Առհասարակ, Հայաստանի իշխանությունները թողել են Արցախի 120.000 արցախցիներին անելանելի վիճակում, որպեսզի նրանք ուղղակիորեն թողնեն ու հեռանան իրենց հայրենիքից, կամ էլ հանձնվեն Ադրբեջանի ողորմածությանը, բայց այս անգամ միջազգային որևէ երաշխիք գոյություն չկա արցախցիների անվտանգության ապահովման համար:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս