Այսօր առավոտյան ՊՆ-ից հաղորդեցին, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասնեց․
«2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։
Քննչականից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Մեզ մանրամասներ են հայտնի դարձել զինվորի կողմից իր կյանքին վերջ տալու հանգամանքներից: Մասնավորապես, նախաքննական մարմինը դեպքից հետո առգրավել է զինվորի հեռախոսը, որտեղ եղել են զինվորի եւ նրա ընկերուհու խոսակցություններն ու նամակագրությունները:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հարցաքննել են զինվորի քրոջը: Վերջինս պատմել է, որ դեպքից առաջ եղբայրը զանգահարել է իրեն եւ ասել է, եթե իր հետ որեւէ բան պատահի, չմեղադրեն իր նախկին ընկերուհուն եւ նրան նեղություն չտան: Զինվորի քույրը իրավապահներին հայտնել է, որ եղբոր այս խոսքերին լուրջ չի վերաբերվել, քանի որ եղբայրը մինչ բանակ գնալն էլ վիճել է ընկերուհու հետ, նորից ասել էր, որ վերջ կտա իր կյանքին:
Նշենք, որ 4 ամսից զինվորը ավարտում էր իր ծառայությունը: