Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից անցել է 8 ամիս, սակայն մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել եւ գործով մեղադրյալ չկա:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:
Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը դիմել է Արմավիր քրեակատարողական հիմնարկին եւ կոնկրետ փաստաթղթեր պահանջել վերջինիս առողջական խնդիրների եւ խցում գտնվելու պայմանների մասով:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պետք է հարցաքններ քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողերին հասկանալու համար, թե Արմեն Գրգորյանին քրեակատարողական հիմնարկում ճնշումը չափել են, առողջական վիճակը ստուգել են եւ նոր ուղարկել են դատարան:
Ըստ էության՝ իրավապահ համակարգը կփորձի այս քննության ընթացքում հասկանալ, թե բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու ոերւէ հանգամանք կա, թե ոչ, սակայն հիմնական հարցը կմնա օդից կախված:
Այսինքն, իրավապահների համար քննության առարկա չի դառնա ամենակարեւոր հարցը, արդյոք Արմեն Գրիգորյանի կալանավորումը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ:
Քնար Մանուկյան , Հովսեփ Հովսեփյան