
Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը:
Համաձայն Freedom house-ի զեկույցի՝ Հայաստանի վարկանիշը 2022 թ.-ին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը հավաքել էր 55 միավոր: Այսպիսով, Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին:
Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա զգալի ազդեցություն են թողել Հայաստանի ժողովրդավարական հետագծի վրա և արժանի են հատուկ քննության 2023 թ.-ին.
«Ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումները և գրավել են հայկական տարածքներ սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական իշխանությանը և մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը»: