Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ էր հրապարակել Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների վերաբերյալ՝ վերնագրելով այն սկանդալային փաստաթուղթ։
Փաստաթուղթը կոչվում է «Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկ»:
Փաստաթուղթը ներառում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող Խաղաղության պայմանագրի հիմնական դրույթները: Ըստ Արմեն Աշոտյանի՝ այդ փաստաթուղթը եղել է նաեւ մյունխենյան հանդիպումների ու քննարկումների առարկան, եւ դրա շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել: Արմեն Աշոտյանը հավաստիացրել է՝ որոշ բառեր փաստաթղթում հնարավոր է ժամանակի ընթացքում փոփոխվեն, քանի որ այն վերջնական չէ, բայց սկզբունքներն արդեն համաձայնեցվել են Մյունխենում:
Փաստաթղթում նշվում է, որ փոխադարձ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կլինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասը։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ խաղաղության համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին.
«Հայաստանը հրապարակավ կհայտարարի իր դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների համապարփակ կարգավորումները պետք է հստակեցվեն մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը»,-ասվում է փաստաթղթում:
Թե որտեղից այս փաստաթուղթը, եւ երբ է այն շրջանառվել, Արմեն Աշոտյանը մանրամասներ չի հայտնել։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին հայտարարել է, թե Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթուղթն իրականությանը չի համապատասխանում. Հայաստանն այդ կետերի շուրջ չի բանակցում:
Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, արձագանքելով ԱԽ քարտուղարի հերքմանը, հակադարձում է՝ իր հրապարակած փաստաթուղթն իրական է:
-Պարո՛ն Աշոտյան, Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ձեր հրապարակած փաստաթուղթն իրական չէ. ինչպե՞ս կհակադարձեք:
-ԱԽ քարտուղար կոչվածը հայտնի է իր քրոնիկ սուտասանությամբ: Կյանքը, ցավոք, ցույց է տվել, որ այն, ինչ հերքել են Նիկոլ Փաշինյանը եւ իր ծառայամիտ շրջապատը, իրականությանը համապատասխանում է: Մեզանից խնամքով երկար ժամանակ թաքցրել են թե՛ բանակցային, թե՛ ռազմական, թե՛ այլ կարեւորագույն դետալներ, որոնք հայ ժողովրդի մեջքի հետեւում դավերի տեսքով հյուսվել են՝ մեր ազգային շահերի հաշվին:
Արմեն Գրիգորյանի հերքումը գրոշի արժեք չունի. ես պնդել եմ, որ այդ սկզբունքներն իրական են, այդ առաջարկն իրական է եղել: Մնացած ամեն ինչը վատ խաղի ժամանակ լավ դեմք ընդունելու, այսպես ասած, «պոկեր ֆեյս» ընդունելու դատարկ ջանքեր են:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿԴԻՄԵՆ ՄԻԵԴ
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում: Մասնավորապես, կանոնակարգվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը ստանալու դրույթը:
Ըստ այդմ, առաջարկվում է ամրագրել, որ՝
l Սահմանադրական դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:
Ընդ որում՝ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ օգտվում է ՄԻԵԴ դիմելու այդ հնարավորությունից, այնուամենայնիվ ներկայումս բացակայում են այդ մեխանիզմի կիրառման ներպետական հստակ ընթացակարգային կարգավորումները, ինչն անորոշություն է ստեղծում գործընթացի ճիշտ կազմակերպման տեսանկյունից:
Նախագծերով առաջարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում կատարել համապատասխան լրացումներ՝ նախատեսելով ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոններ, այդ թվում՝ դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումներ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպումը տեւել է 2.5 ժամից ավելի: Մենք տեղեկացանք, որ պատգամավորների ու նախարարի միջեւ ակտիվ երկխոսություն է ծավալվել: Ինչպես նշել էինք, այդ հանդիպումը նախաձեռնվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, եւ խորհրդարան եկած նախարարին հարցեր են ուղղել նոր ստեղծված նախարարության աշխատանքի մասին եւս: Հետաքրքիր է, որ հարցուպատասխանի ժամանակ շատ են եղել հարցեր թմրամոլության դեմ պայքարի մասին:
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին ակտիվացել եւ որոշել է պարբերաբար նման հավաքնել կազմակերպել խորհրդարանում՝ հրավիրելով գործադիրի ներկայացուցիչներին:
ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային քաղաքական եւ դատական ատյաններն արդեն հասցեական կոչեր են հղել Բաքվին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչեւ ԱՄՆ պետքարտուղար, Հաագայի միջազգային դատարանից մինչեւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մատնանշել են Ադրբեջանի թշնամական գործողությունն Արցախի հարյուր հազարավոր հայերի նկատմամբ եւ հորդորել ժամ առաջ բացել ճանապարհը։
Ի հեճուկս այդ կոչերի՝ Բաքուն շարունակում է փաստացի ցեղասպանական գործողությունն Արցախի հայության նկատմամբ։ Այս մասին նշում է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը: «Չեմ դադարի կրկնելուց՝ խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել առանց Արցախի հայկական կարգավիճակի մասին հատուկ հիշատակման եւ անվտանգության միջազգային երաշխիքների սահմանման։
Հայաստանյան իշխանությունը պետք է բավարար դիվանագիտական ճկունություն ցուցաբերի՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու բացառապես խաղաղ եղանակով, առանց որեւէ ներքին զիջման։
Իլհամ Ալիեւը չի կարող եւ իրավունք չունի Արցախում կադրային, պետական հարցեր լուծելու կամ որոշելու, թե իր հետ ով պիտի բանակցի։ Հաագայի միջազգային դատարանի որոշումը նպատակային օգտագործելը կարող է դառնալ մեր հաղթաթուղթը Արցախն ապաշրջափակելու գործում», – նշում է նա: