Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը:
«Լաչինի միջանցքի ռեժիմը պետք է ամբողջապես համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաառաջին եռակողմը հայտարարությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ ապահովել բացառապես քաղաքացիական եւ մարդասիրական բեռների, քաղաքացիական անձանց համար: Խաղաղապահ զորակազմի գծով մեր շփումներում մենք փորձում ենք հասնել հենց դրան: Այնտեղ որեւէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սական կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության: Մենք այսօր այդ մասին խոսել ենք, տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,- ասել է Լավրովը:
Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ մնալ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցում: Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է, Երեւանն ասել է, որ եւս դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս:
«Կարծում եմ՝ մենք, այսպես ասած, չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները, բայց դրանք երկու կողմին էլ շատ լավ հայտնի են»,- եզրափակել է Լավրովը:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը հայտնել էր հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին՝ պատճառաբանելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը: Սերգեյ Լավրովը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը բացահայտ չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:
«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա մենք չենք կարող դրանք մանրամասն մեկնաբանել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր, այսպես կոչված, առաքելությունը, որն առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տեւողության, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության ավելացված արժեքի տեսանկյունից: Այնուամենայնիվ, դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», – ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանն իր գործողություններում առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով՝ չվնասել եւ աջակցել այնպիսի լուծմանը, որը նախեւառաջ հիմնված կլիներ երեք ղեկավարների պայմանավորվածությունների վրա, եւ երկրորդ, որը կապահովեր այստեղ փոխշահավետ, փոխհարգալից համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ: «Ոչ բոլոր խաղացողներն են (հատկապես նրանք, որոնք հեռու են գտնվում Հարավային Կովկասից) առաջնորդվում այսպիսի սկզբունքներով: Նրանք ցանկանում են այստեղ աշխատել ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ինչ-որ մեկի դեմ: Մենք դա տեսնում ենք եւ վստահ ենք, որ դա տեսնում են նաեւ ուղղակիորեն գործընթացում ներգրավված կողմերը», – ասել է Լավրովը: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովին հրավիրել է այցելելու Ռուսաստան։ «Մենք մշտական շփումների մեջ ենք ադրբեջանցի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Օգտվելով առիթից՝ ադրբեջանցի իմ գործընկերոջը հրավիրում եմ այցելելու Ռուսաստան», – ասել է Լավրովը Բաքվում կայացած համատեղ ասուլիսում։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՆԵՐ
Հանրապետության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:
Սուրեն Պապիկյանը լսել է զորամասի վարչակազմի, ստորաբաժանումների սպաներին հուզող հարցերը, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների փաթեթը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է զորքերի մարտական ծառայությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, տեսական ու գործնական հմտություններով:
Զրույցների ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաեւ սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին, վստահություն հայտնել, որ մեկնարկող ատեստավորման փուլի բարեհաջող հաղթահարումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել սպայական, ենթասպայական եւ պայմանագրային կազմերի աշխատավարձերը:
ՀԱՅ-ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՅԱՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:
Ա. Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լյուքսեմբուրգի հետ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումը, եւ վստահություն հայտնել, որ երկկողմ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել:
Ջ. Բերնարդին ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ հիշատակել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը՝ պարտավորեցնելու Ադրբեջանին ապահովել տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմաշերտ համագործակցության ոլորտների վերաբերյալ օրակարգային հարցեր, Հայաստանի եւ Վրաստանի գործարար շրջանակների միջեւ փոխգործակցության խթանման ուղղությունները:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին եւ դրանց լուծման հեռանկարներին: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ
Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգ է ներդրվելու: ArmLur.am-ը ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորումից տեղեկանում է, որ դրա արդյունքում առավել բարձր վարձատրություն է լինելու, ինչպես նաեւ ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակ: Մասնավորապես, առաջարկվում է ներդնել Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման եւ վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկվող հավելավճար: Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ:
ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ
«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջարկվում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում:
Մասնավորապես, այդ օրենքի հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն)՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ, եւ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ:Օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ։ Այսպես, միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում սահմանել փոխադրավարձը, առանց մրցույթի։ Բացի դա, սահմանվում է, որ միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության, միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձեւավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաեւ գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է կառավարությունը: