Թումանյանի անտառպետությունում ոչնչացրել են 450 քառ. մ անտառ. մասնաճյուղի կաշառք ստացած տնօրենը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք
բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանը 2021 թվականի ընթացքում հիշյալ անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր գնորդների վաճառելու համար նրանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես` պարզվել է, որ Կ. Ղարագոզյանը Ա. Բադալյանի օգտին իր լիազորությունների շրջանակում
գործողություն կատարելու, այն է՝ իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7 մ 3 վառելափայտը նրան վաճառելու համար, 2021 թ. նոյեմբերի 10-ին իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն վերջինիս տրամադրել է 4 մ 3 փայտանյութի մատակարարման վերաբերյալ հարկային հաշիվ:

Բացի այդ, Գ. Պարանյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ նույն անտառային ֆոնդի տարածքից նրան 25 մ 3 վառելափայտ վաճառելու համար, Կ. Ղարագոզյանը 2021 թ. նոյեմբերի 22-ին
նրանից ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի՝ Ա. Բուդաղյանին, 33 մ 3 վառելափայտ վաճառելու համար
դեկտեմբերի 21-ին վերջինից պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ համապատասխան ՍՊԸ-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝
նշված ընկերության աշխատանքային խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 մ 2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար ՍՊԸ ներկայացուցիչ Ռ. Սաքանյանից 2021թ. դեկտեմբերի 22-ին ստացել է 240.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք պահանջելու և ստանալու համար «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գ. Պարանյանին, Ա. Բադալյանին, Ա. Բուդաղյանին և Ռ. Սաքանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Կ. Ղարագոզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են
հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:




Լրահոս