ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը` հսկողություն իրականացնելով գործունեության բոլոր ոլորտների նկատմամբ:
Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքում կազմակերպվում է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների եւ կոնյակների արտադրություն, եւ այդ ալկոհոլային խմիչքներն իրացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել ու ձեռնարկվել են համալիր, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է հնարավոր կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրամասի ստույգ գտնվելու վայրը, որից հետո տվյալ տարածքը վարչության աշխատակիցները վերցրել են օպերատիվ հսկողության տակ։
Միջոցառումների ընթացքում վարչության աշխատակիցները, գնահատելով իրավիճակը, մտացածին եւ ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով հանկարծակի եղանակով մուտք են գործել տարածք, որի արդյունքում շինության նկուղային հարկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրամաս, որտեղ այդ պահին աշխատել է 6 աշխատակից։
Պարզվել է, որ գործունեությունը կազմակերպած անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման իրականացրել է ծանուցման ենթակա գործունեություն` զբաղվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, ինչպես նաեւ հիշյալ գործունեությունը կազմակերպելու համար եւ իրացման նպատակով ձեռք բերել, պահել եւ օգտագործել է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզային դրոշմանիշեր։ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նույն օրը ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու, միաժամանակ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու կամ օգտագործելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակում քննիչի կայացրած որոշման համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության եւ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի սկզբնական զննություն:
Հայտնաբերված կոնյակի եւ օղու պատրաստման ու իրացման համար նախատեսված պարագաներն առգրավվել են: Հայտնաբերվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված եւ պիտակավորված տարբեր անվանումներով 446 շիշ կոնյակ եւ 4949 շիշ օղի, պոլիէթիլենային
տակառներով 200-250 լիտր տարողությամբ 13 հատ էթիլ սպիրտ, պոլիէթիլենային տարաներով 10 հատ 20 լիտր տարողությամբ կոնյակ, տարբեր ապրանքանիշի պիտակներ, խցաններ, շշեր, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքներ արտադրելու եւ շշալցնելու համար անհրաժեշտ սարքավորումներ։ Միջոցառումներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար: Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս։ Միաժամանակ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու նպատակով այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ:
Հնարավոր տուգանքի չափը կկազմի 165 մլն ՀՀ դրամ:
ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետեւողական է լինելու նման արատավոր երեւույթներն, այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշների կիրառման օրինականությունը պարզելու հարցում` հիշեցնելով, որ օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:
ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ՝ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին երթուղային ավտոբուսում կատարված գողության դեպքի հանգամանքները: ՔԿ-ից հայտնում են, որ 2023թ. փետրվարի 19-ին Երեւանի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի Օպերայի տարածքից նստել է երթուղային ավտոբուս եւ իջել է «Դալմա» առեւտրի կենտրոնի մոտ, որից հետո նկատել է, որ իր ձեռքի պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել է 70.000 ՀՀ դրամ գումար, նույնականացման քարտը եւ բանկային քարտ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, որոնք Երեւան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1990թ.:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի վերոնշյալ բնակիչները, խմբի կազմում հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, երթուղային ավտոբուսի սրահում գտնվող քաղաքացու ձեռքի պայուսակից հափշտակել են վերջինիս պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է շուրջ 75.000 ՀՀ դրամ գումար, բանկային քարտ եւ նույնականացման քարտ, որից հետո՝ ժամը 14:11-ին, Երեւան քաղաքի Կիեւյան փողոցում գտնվող բանկոմատից կատարել են 20.000 ՀՀ դրամի կանխիկացում՝ քաղաքացուն պատճառելով շուրջ 95.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՀՀ ոստիկանության ՆԳՆ պարեկային ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվել են եւ ձերբակալվել՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը:
Վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության բավարարման արդյունքում հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նշված երկու անձանց նկատմամբ, եւ 32-ամյա տղամարդկանցից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան երկու մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։ Դատարանը բավարարել է նրանցից մեկի վերաբերյալ միջնորդությունը, սակայն մերժել է մյուսի վերաբերյալ միջնորդությունը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ
Ազգային անվտանգության մարմինների ծառայողները ատեստավորում կանցնեն ու հավելավճար կստանան:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
Նախագծի նպատակը ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաեւ ծառայողների մասնագիտական պատրաստության պատշաճ մակարդակի ապահովումը:
ԱԱԾ տնօրենի տեղակալի հավաստմամբ՝ նախագծով մասնավորապես առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման եւ վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար: Այդ պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի 3 տարին մեկ անգամ:
Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա: Ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարի չափերն ու վճարման կարգը սահմանվելու է կառավարության որոշմամբ, իսկ ատեստավորման ենթակա ծառայողների պաշտոնների շրջանակը՝ ԱԱԾ տնօրենի հրամանով:
Նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում հավելավճար հաշվարկելու դեպքում չեն վճարվելու օրենքով սահմանված մյուս հավելումները:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Փետրվարի 28-ին՝ ժամը 07:20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել եւ գծային բաժին է տարվել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կ.-ն:
Նա 2022 թ. դեկտեմբերի 20-ից Մոսկվա քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի (Վանդալիզմը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: