ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ այն զինծառայողներին, որոնց հաշմանդամության խումբը վերափորձաքննության արդյունքում 2-րդից ճանաչվել է 3-րդ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որոշակի դրամային աջակցություն ստանալու:
««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Փոխնախարարը ներկայացրեց, որ, գործող օրենքի համաձայն, հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն: Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարեցվում են: Այս իրավիճակում է հայտնվել 114 շահառու, ում հաշմանդամության 2-րդ խումբը վերափորձաքննության արդյունքում փոխվել է 3-րդի, ինչն էլ նրանց դժգոհությունն է հարուցել:
«Վերափորձաքննության արդյունքում 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելուց հետո պետությունից վճարվող կենսաթոշակն ու պարգեւավճարը միասին կազմում են սպայի դեպքում 74 հազար դրամ (հիմնադրամից նրանք ստանում են 200 հազար դրամ), իսկ պայմանագրային եւ զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66 հազար դրամ (հիմնադրամից ստանում էին 150 հազար դրամ հատուցում), իսկ պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 66 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն»,- ներկայացրեց Խաչատրյանը:
Միաժամանակ օրենքի դրույթները սահմանափակում են հիմնադրամի հնարավորությունները, քանի որ հիմնադրամի խորհուրդը կարող է որոշում կայացնել միայն մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի հատուցման եղանակների եւ ժամկետների վերաբերյալ: Ըստ այդմ՝ հիմնադրամը չի կարողանում իր առաքելությանը համահունչ որոշակի լրացուցիչ աջակցության ծրագրեր իրականացնել հիմնադրամի շահառուների համար:
«Նախագծով առաջարկվում է հիմնադրամի խորհրդին լիազորել իր սահմանած պայմաններում եւ կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին, անցումային շրջանի համար՝ մինչեւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի ամբողջական կիրարկումը, դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, որոնք ունեցել ենք 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն, այսինքն՝ եղել են հիմնադրամի շահառու եւ վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող անձ»,- ասաց փոխնախարարը:
Դրամական աջակցության չափն առաջարկվում է՝ սպայական կազմի զինծառայողներին՝ 75 հազար դրամ, պայմանագրային եւ զորահավաքային կազմի զինծառայողներին եւ կամավորներին՝ 50 հազար դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին՝ 25 հազար դրամ: Այս չափերը սահմանվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ստանալու են նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակն եւ համապատասխան պարգեւավճար:
Նախարարության տվյալներով՝ 2022-ի օգոստոսի 29-ի դրությամբ 44-օրյա պատերազմի հետեւանքով 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող եւ, հետեւաբար, հիմնադրամի շահառու: Ըստ նախարարության կանխատեսման՝ նման իրավիճակում կարող է հայտնվել ընդհանուր առմամբ շուրջ 160 շահառու:
Սպայական կազմի զինծառայողները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգեւավճար, իսկ զինվորական միջին կենսաթոշակը կազմում է 38 հազար դրամ, արդյունքում հիմնադրամի առաջարկվող հատուցման հետ միասին նրանք կստանան շուրջ 150 հազար դրամ՝ 2-րդ խմբի հատուցման 200 հազար դրամի դիմաց: Պայմանագրային, ենթասպայական եւ շարքային կազմերի կամավորագրվածները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգեւավճար եւ միջինում 30 հազար դրամ զինվորական կենսաթոշակ, հատուցման առաջարկվող 50 հազար դրամ կենսաթոշակի հետ միասին կստանան 116 հազար՝ 150 հազար դրամի փոխարեն: Պարտադիր ժամկետային զինծառայողները ստանում են 30 հազար կենսաթոշակ, 36 հազար դրամ պարգեւավճար, առաջարկվող 25 հազար լրացուցիչ հատուցման հետ միասին կստանան 91 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն:
ԹԱՆԴԻԼՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼ
Մենք տեղեկություններ ենք ստանում, որ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Մանե Թանդիլյանը. վերջինս արդեն սկսել է ձեւավորել քարոզչական թիմ ու նախապատրաստվել գալիք ընտրություններին:
Իհարե, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի զբաղվելու սեփական քարոզչության կազմակերպմամբ, սակայն առնվազն տարօրինակ է, որ Արցախում մնալու, Արցախը շենացնելու խոստումներ տված Ռուբեն Վարդանյանի քաղաքական թիմի առաջին շարքերում են մարդիկ, որոնք իրենց անցյալով ու ներկայով, մեղմ ասած, չեն համապատասխանում այդ սկզբունքներին: Վառ օրինակ է Մանե Թանդիլյանը. վերջինս ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր Արցախի սոցապահովության նախարարի պաշտոնը ու չէր դադարում Արցախ գնալու կոչեր անել, սակայն ինչպես պարզել էին մեր աղբյուրները, նա նույնիսկ իր որդիներին է Հայաստանից դուրս տարել, էլ չենք խոսում իր ու ընտանիքի՝ Արցախ տեղափոխվելու մասին: Մեր աղբյուրները պնդում են, որ Թանդիլյանի այդ քայլը կապված է որդիներին բանակից ազատելու ցանկության հետ, ինչը թերեւս ստացվել է: Ալավերդու տարածաշրջանում ծնված Մանե Թանդիլյանը Երեւանի քաղաքապետ է ուզում դառնալ՝ չցանկանալով սեփական երեխաներին հայոց բանակ զորակոչել, կասկածի տակ դնելով թե՛ իր, թե՛ իր կուսակցության լիդերի խոստումների անկեղծությունն ու հիմնավոր լինելը: Մեր օրերում ընդունված է հայրենասիրություն դրեւորել Արցախի շուրջ՝ բոցաշունչ խոսքեր, ֆեյսբուքյան կոչեր, սակայն, ինչպես հաճախ պատահում է, ուսումնասիրելով հայտարարություններ անողների անցյալը՝ բախվում ենք շարքային պոպուլիզմի հետ: Ի դեպ, մենք տեղկացանք, որ Ռուբեն Վարդանյանի մեկ այլ ակտիվ թիմակից, այդ քաղաքական ուժի PR-ով զբաղվող նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը եւս չի ծառայել ՀՀ զինված ուժերում, ինչը նրան չի խանգարում շատ հայրենանվեր ու ամեն բանով երկրին ծառայելու մասին ստատուսներ գրել: Ակնալում ենք, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՊՆ-ն հետամուտ կլինեն հատկապես հայ քաղաքական գործիչների որդիների՝ բանակ զորակոչվելու ու զինապարտության հարցերին: Հայրենիքի պաշտպանությանը պետք է մասնակցեն բոլորի զավակները, իսկ քաղաքացիներն իրավունք ունեն տեղյակ լինել իրենց ծառայելու խոստումներ տվողների կյանքի որոշ մանրամասներին, որտեղից կարելի է հասկանալ՝ արդյոք այդ մարդիկ պատրաստ են երկրին տալ ամեն ինչ, թե շարքային պոպուլիստներ են:
ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Կառավարության որոշմամբ՝ ամեն տարի Տավուշի մարզի անտառամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներին անվճար մինչեւ 8 խորանարդ մետր ծավալով թափուկ վառելափայտ է տրվում, որը այդ ընտանիքները հայթայթում են ինքնապատրաստմամբ անտառում քամուց, կայծակի հարվածից ընկած ծառերից, նախկինում հատված ծառերի մնացորդներից, փտած ծառերից եւ այլն։ Այդ թափուկ վառելափայտի պատրաստումը հաճախ կարիքավոր ընտանիքների համար մեծ դժվարություններ է առաջացնում, քանի որ թափուկ վառելափայտը անտառտնտեսությունները տրամադրում են բնակավայրերից հեռու, դժվարամատչելի վայրերում, խոր ձորերում, որտեղից թափուկի հանումը, տեղափոխումը մեծ հոգս ու վառելիքի հավելյալ ծախս է։ Չնայած այդ դժվարություններին՝ հազարավոր ընտանիքներ օգտվում են թափուկ վառելափայտի տրամադրման ծրագրից։ Տավուշի մարզի անտառամերձ գյուղերի բազմաթիվ բնակիչներ դժգոհություն են հայտնել, որ այս տարի իրենց չի տրամադրվելու թափուկ վառելափայտ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ թափուկ վառելափայտի տրամադրումը դադարեցվել է, որովհետեւ գարնանային ստուգումների արդյունքում Տավուշի մարզի անտառային տնտեսությունների ենթակայության տակ գտնվող անտառներում հայտնաբերվել են մեծ թվով ապօրինի անտառահատումներ։ Այդ խնդրի կապակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է դիմել ԱԺ« Հայաստան» խմբակցության պատգամավոր, Իջեւան քաղաքի բնակիչ Գառնիկ Դանիելյանը, ում հարցմանն ի պատասխան՝ այդ նախարարությունից հայտնել են, որ մշակվում է թափուկ վառելափայտի տրամադրման հստակ կանոնակարգ, այդ մասին թափուկ վառելափայտի տրամադրման համար դիմած քաղաքացիները կտեղեկացվեն 15 օրվա ընթացքում։ Շրջակա միջավայրի նախարարության այդ պատճառաբանումը անտրամաբանական է, քանզի ապօրինի անտառահատումների հանդեպ վերահսկողությունը եւ դրանք կանխարգելելը հենց այդ նախարարության կարեւոր գործառույթն է, նախարարության թերացման պատճառով բազմաթիվ ընտանիքներ ձմռան վերջին մնացել են առանց թափուկ վառելափայտի։ Իջեւան ու Բերդ համայնքների անտառները տնօրինող Իջեւանի, Սեւքարի ու Արծվաբերդի անտառտնտեսություններում կատարված ստուգումների հետեւանքով բացահայտվել են ապօրինի անտառհատման բազում դեպքեր, որոնք անտառների ոչ բավարար պահպանության հետեւանք են։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ