Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել հարաբերությունները վերականգնելու շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանն ու Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու շուրջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը։

Նշվում է, որ համատեղ հայտարարությունն ստորագրվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Սաուդյան Արաբիայի նրա գործընկեր Մուսայիդ ալ Այբանի միջև Պեկինում մի քանի օր տևած բանակցություններից հետո։ Բանակցությունների արդյունքներով նրանք պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները և երկամսյա ժամկետում վերաբացել դեսպանատները և ներկայացուցչությունները։ Իրանը և Սաուդյան Արաբիան նաև ընդգծել են միմյանց ինքնիշխանությունը հարգելու և միմյանց ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը:

Կողմերը նաև շնորհակալություն են հայտնել Իրաքին և Օմանին 2021 և 2022 թվականներին բանակցությունները հյուրընկալելու, ինչպես նաև Չինաստանին՝ վերջին բանակցությունները հյուրընկալելու համար: Նշվում է, որ երկու պետությունների ԱԳ նախարարությունների ղեկավարները մտադիր են հանդիպել համաձայնագրի իրագործումը քննարկելու համար։

Թեհրանի և Էր-Ռիադի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել Էին 2016 թվականին՝ Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա ցուցարարների հարձակումից հետո. ցուցարարները բողոքում Էին թագավորության կողմից հայտնի շիա աստվածաբան Նիմր ալ-Նիմրի մահապատժի դեմ:




Լրահոս