ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ՝ ԼԱՏՎԻԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնական Դենիել Ֆիտանտեն, որը զբաղվում է սփյուռքի, միջազգային միգրացիայի, հետխորհրդային քաղաքական անցումային ժամանակաշրջանի, քաղաքային սոցիոլոգիայի ուսումնասիրություններով, լայնածավալ գիտական հոդված է հրապարակել միջազգային հարաբերություններին առնչվող առաջատար Chatham House-ի ամսագրում՝ վերլուծելով 2021 թ.-ին Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

 

«Կառուցողական հիշողության քաղաքականությունը. Հայոց ցեղասպանության ճանաչումը Լատվիայում» խորագրով հոդվածում հեղինակն անդրադառնում է այն գործընթացներին, որոնք, ի վերջո, հանգեցրել են Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը:

 

Հեղինակը նշում է, որ 2018 թ.-ին Լատվիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Սեյմում հայտնվեցին ակտիվիստներ, գիտնականներ եւ լրագրողներ, որոնք մարդու իրավունքների կողմնորոշում ունեցող օրենսդրության կողմնակից էին: Հենց Լատվիայի 13-րդ գումարման խորհրդարանում ընդունվեց հայտարարություն, որով ճանաչվում էր Ղրիմի թաթարների ցեղասպանությունը (2019), բանաձեւ ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին (2021), օրինագիծ՝ Հոլոքոստի ճանաչման մասին (2022) եւ այլ օրինագծեր:

 

Հեղինակը, սակայն, նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւում հիմնական շարժիչ ուժը եղել է «դրսից»՝ ի դեմս Բալթյան երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի:

 

«Չնայած Մկրտչյանը (խմբ.՝ ցեղասպանության ճանաչմանն ուղղված) ջանքեր էր գործադրում իր պաշտոնավարման հենց սկզբից՝ 2016 թ.-ից, սակայն այդ նկրտումները շատ ավելի իրագործելի դարձան 2018 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո», – նշում է հեղինակը՝ հավելելով, որ դեսպան Մկրտչյանը տեսել է 13-րդ Սեյմի ներուժը եւ սկսել է աշխատանք տանել լիբերալ կուսակցությունների հետ:

 

Տիգրան Մկրտչյանի մասին հեղինակի հետ հարցազրույցում խոսել է լիբերալ պատգամավոր Ինես Վոյկան:

 

«Դա տեղի ունեցավ, որովհետեւ մենք ունեինք ակտիվ եւ բարեկիրթ դեսպան, որի համար սա առաջնահերթություն էր: Երբ մենք դարձանք նրա խմբի անդամներ, նա մեզ Facebook-ով հաղորդագրություններ էր ուղարկում գիշերվա ժամերին, նա մեզ «ռմբակոծում էր» սրանով…, որովհետեւ իսկապես առաջ էր մղում դա», – հիշում է Վոյկան:

 

Հոդվածի հեղինակը շեշտում է, որ հենց Մկրտչյանի կենտրոնացված ջանքերի շնորհիվ Լատվիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավը սկսեց թափ հավաքել: Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի քաղաքացիական հասարակության անդամների եւ հասարակական կարծիքը ձեւավորողների հետ, իրազեկել նրանց: Այս նախաձեռնության մեջ նաեւ մեծ դերակատարում է ունեցել լատվիահայ Ելենա Եսայանը՝ AP! կուսակցության գլխավոր քարտուղարը, որն անձնական հետաքրքրություն է ցուցաբերել այս գործում: Չնայած որոշակի դիմադրությանը՝ Եսայանն իր կուսակցությանը համոզել է աջակցել այս նախաձեռնությունը:

 

«Քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը գործնական փոքր արժեք ուներ Լատվիայի համար եւ հնարավոր անվտանգության ռիսկեր էր պարունակում, Եսայանի միջամտությունը շատ կարեւոր էր», – նշում է հոդվածի հեղինակը:

 

Նախաձեռնությանն են միացել նաեւ քաղաքական այլ ուժեր, իսկ Արտաքին հարցերով հանձնաժողովն ուսումնասիրություն է անցկացրել՝ համոզվելու, որ այդ առաջարկը վտանգ չի ներկայացնում Լատվիայի անվտանգության շահերի համար: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեծ է եղել նաեւ պահպանողական պատգամավոր Յուրիս Յուրաշի դերակատարումը, որի համար այս գործի հաջողությունն առաջնահերթություն է դարձել:

 

Բազմաթիվ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումը ներառվել է 2021 թ. մայիսի 6-ի նիստի օրակարգում եւ նույն օրն ընդունվել է 58 կողմ, 11 դեմ եւ 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

 

 

ՆՈՐ ԴԵՐԱՍԱՆՆԵՐ ՈՒ ԶԱՎԵՇՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Շուտով՝ մարտի 7-ից, հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու բոլորի կողմից սիրված եւ սպասված «Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը:

ArmLur.am-ը նոր եթերաշրջանի մանրամասների, դերասանական կազմի եւ սցենարային նոր զարգացումների մասին զրուցել է սցենարիստ, դերասան Գարիկ Սեփխանյանի հետ: Նշենք, որ սիթքոմի սցենարի հեղինակները Գարիկն ու Գրիգորն են: «Այս եթերաշրջանում նույնպես նոր «սյուրպրիզներ» լինելու են, որոնց մասին չեմ ուզում այս պահին բարձրաձայնել, որպեսզի է՛լ ավելի հետաքրքիր լինի հեռուստադիտողի համար, բայց ինչպես առաջին եթերաշրջանի ժամանակ, այնպես էլ հիմա ուզում ենք է՛լ ավելի հետաքրքիր սցենարային լուծումներով լցնել սիթքոմը: Եվ կարծում եմ՝ այն մեզ մոտ ստացում է՝ հաշվի առնելով սիթքոմի ռեյտինգն ու հեռուստադիտողների բուռն արձագանքը: Գարիկի խոսքով՝ «Սյուրպրիզ»-ի դերասանական թիմին միացել են նոր կերպարներ՝ Մարիամ Ալեքսանյանը, Վաչե Երիցյանը: Այս պահին, սցենարային աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են նկարահանումները:

 

Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանում հեռուստադիտողն ականատես է լինում՝ ինչպես է կալանավորված ամուսինը վերադառնում Հայաստան եւ տեսնում իր կնոջը, որը չսպասելով ամուսնուն՝ ամուսնանում երիտասարդ մի տղայի հետ, սակայն վախենում է այդ մասին պատմել նախկին ամուսնուն:

 

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ

 

Ամերիկյան գործարար, գյուտարար Իլոն Մասկը դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս «տիտղոսը» նա կարճ ժամանակով զիջել էր ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moet Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյին:  Մասկի հարստության աճին նպաստել է այն, որ Tesla ընկերության բաժնետոմսերի գինը գրեթե 70 %-ով աճել է: Դրա պատճառներից մեկն այն է, որ ընկերության էլեկտրական մեքենաների մի քանի մոդելների պահանջարկը մեծապես ավելացել է որոշակի գնիջեցումներից հետո: 51-ամյա Իլոն Մասկը, որն արդեն մի քանի ամիս է՝ նաեւ Twitter-ի սեփականատերն է, 2023 թ.-ի սկզբին ուներ 137 միլիարդ դոլար կարողություն: Այժմ նրա կարողությունը կազմում է 187 միլիարդ դոլար: Բեռնար Առնոն, որին Մասկը զիջում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում, ունի 185 միլիարդ դոլարի կարողություն: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը (117 մլրդ), իսկ չորրորդ տեղում է ամերիկացի գործարար, Microsoft ընկերության նախագահ Բիլ Գեյթսը (114 մլրդ): Աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակը եզրափակում է ամերիկացի ամենահաջողակ ներդրող, Berkshire Hathaway ընկերության նախագահ Ուորեն Բաֆեթը (106 մլրդ):

 

 

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները: The Best-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին: Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է:

 

2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետեւյալ տեսքը` դարպասապահ` Տիբո Կուրտուա, պաշտպաններ`  Ժոաո Կանսելու,  Վիրջիլ Վան Դեյք, Աշրաֆ Հակիմի, կիսապաշտպաններ`  Կազեմիրո Քեւին Դե Բրույնե, Լուկա Մոդրիչ, հարձակվողներ` Կարիմ Բենզեմա, Էրլինգ Հոլանդ, Կիլիան Մբապե, Լիոնել Մեսի: Տարվա լավագույն դարպասապահն Արգենտինայի ազգային ընտրանու եւ անգլիական «Աստոն Վիլա»-ի անդամ Էմիլիանո Մարտինեսն է: Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակը ստացավ լեհաստանի հավաքականի եւ «Վարտա»-ի պարաֆուտբոլիստ Մարչին Օլեքսին: Լավագույն կին ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսիա Պուտելասսն է (Իսպանիայի հավաքական): Կանանց ֆուտբոլի 2022 թվականի լավագույն մասնագետ դարձավ Սարինա Վիգմանը, որը մարզում է Անգլիայի ֆուտբոլի հավաքականը: Լավագույն կին դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Մերի Էրպսն է: Եվ երկրպագուների մրցանակին արժանացան Արգենտինայի ազգային ընտրանու երկրպագուները:

 

 

 

 

 




Լրահոս