ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 166

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը շարունակում է արտաքին անվտանգության ապահովումը համարել առանցքային մարտահրավեր: Այս մասին նաեւ նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.)՝ 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում: 2022 թվականն ամփոփվել է 12,6% տնտեսական աճով: Զեկույցում ներկայացված են տվյալներ նաեւ սեպտեմբերյան ագրեսիայի մասին. ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող եւ քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: 2021 եւ 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։  Զեկույցի մեջ անվտանգության ապահովումը՝ որպես մարտահրավեր, ոչ մեկ անգամ է նշված: Սա նշանակում է, որ իշխանությունները եւս խոստովանում են, որ 2018 թվականից ի վեր չեն կարողանում ապահովել Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունը, եւ սա՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հայտարարում էր. «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: Փաստացի այսօր ոչ ոք չի ապրում ազատ, երջանիկ կամ անվտանգ Հայաստանում, այսինքն՝ այս խոստումը եւս չկատարվեց, գուցե՝ անհաղթահարելի երեւույթների հետեւանքով, բայց փաստը փաստ է:

 

 

ՔՊ-ական պատգամավորները որոշել են ամեն շաբաթ խորհրդարան կանչել նախարարներից կամ ուժային կառույցներից որեւէ մեկին՝ փակ քննարկման: Այս ընթացքում խորհրդարան են եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երեկ էլ ԱԺ էր եկել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Հնարավոր է՝ առաջիկայում ՔՊ-ականների հետ փակ հանդիպման գա նաեւ Արարատ Միրզոյանը: ՔՊ-ական պատգամավորներին «հրահանգվել է» մեկ մարդու պես գալ ու ներկա լինել այդ բոլոր հանդիպումներին: Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումներին թեեւ «հույժ գաղտնի» հարցեր չեն քննարկվում, բայց ՔՊ-ականները փորձում են ամեն կերպ փակ պահել հանդիպման մանրամասները: Այս հանդիպումները տեղի են ունենում հիմնականում հարցուպատասխանի ձեւով. իշխող ֆրակցիայի պատգամավորները հարցեր են ուղղում նախարարներին, երբեմն նաեւ «ուղղորդումներ» են տալիս:

 

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է  ԳՇ պետ Էդվարդ  Ասրյանին  լսելուց  հետո  հանձնաժողով  հրավիրել  ԳՇ նախկին պետերին: Ստացվում է, որ առաջիկայում  հանձնաժողով պետք է ներկայանան ԳՇ  նախկին  պետ, ներկայումս անորակ  հրթիռների  գործով  մեղադրյալ  Արտակ  Դավթյանը, ԳՇ նախկին  պետ Օնիկ  Գասպարյանը: Ի դեպ, մեզ  հասած  լուրերի համաձայն՝ ԳՇ նախկին պետերին լսելուց  հետո գործը կհասնի  պաշտպանության նախարարներին: Այստեղ  հանձնաժողովում հարց է  բարձրացվել նաեւ 44-օրյա պատերազմի  ժամանակ նախարար  եղած  Դավիթ Տոնոյանի մասին, որը կալանքի տակ  է. հարց է հնչել՝ ինչպե՞ս  պետք է  լուծել նրան  ԱԺ կանչելու հարցը: Մեր տեղեկություններով՝ որոշվել է, որ  հանձնաժողովը   կգնա  «Երեւան-Կենտրոն»  քրեակատարողական  հիմնարկ կամ  բոլորին  հայտնի «ԿԳԲ-ի  պադվալ», թեեւ քննիչը արգելանք է դրել նրա բոլոր տեսակցությունների վրա: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն օրերս կենդանության նշաններ ցույց տվեց։ Մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովը միայն օրերս առաջինը հանձնաժողով հրավիրեց Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին: Նա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Նշենք՝ առաջիկայում «ԱԺ կանոնակարգ»-ում  փոփոխություն է կատարվելու, ըստ որի՝ հանձնաժողով չներկայացողներին պատասխանատվության կենթարկեն։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը վերջերս նշանադրվել է նույն իշխանական խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Վերջինս նախկինում ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի օգնականն էր: Հատկանշական է, որ Մարիամ Պողոսյանը եւս նախկինում եղել է պատգամավորի օգնական. Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականն էր եւ այս գումարման խորհրդարանում պատգամավոր դարձավ: Մեր տեղեկություններով՝ Մարիամ Պողոսյանը եւ Ռոման Տերտերյանը բավականին երկար ժամանակ է, ինչ ընկերություն էին  անում, իսկ վերջերս արդեն նշանադրվել են: Զույգը մտադիր է այս տարի ամուսնանալ, եւ երեկ արդեն միասին ծաղիկներ էին խոնարհում մարտի 1-ի զոհերի նորադիր արձանի մոտ:

 




Լրահոս