ՊԵՏՔ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսել ԵՄ դիտորդական առաքելությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ ակնկալում է, որ այս դիտորդական առաքելությունը կնպաստի, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունանա:

 

Մեզ հետ զրույցում պատգամավորն անդրադարձավ նաեւ ռուսական կողմի կոշտ հայտարարություններին՝ ԵՄ դիտորդական առաքելության մասով՝ նկատելով, որ Ռուսաստանը մինչ այս կա՛մ չի արձագանքել ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, կա՛մ էլ ոչ բավարար արձագանք է տվել:

-Տիկի՛ն Ջուլհակյան, ի՞նչ սպասումներ կան այս առաքելության գործունեությունից, որքանո՞վ այն կնպաստի սահմանին կայունության հաստատմանը:

-Ենթադրություններ անելու փոխարեն, կարող ենք տեսնել մեր արդեն ունեցած փորձը: Մենք արդեն իսկ փորձ ունենք առաքելության տեղակայման եւ գործունեության վերաբերյալ: Դեռեւս 2022թ.-ի հոկտեմբերին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ժամանակավոր տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին երկու ամսով: Մենք կարող ենք արձանագրել, որ բավականին զսպող դեր է ունեցել դա, եւ արձանագրել, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները զգալիորեն նվազել են. լուրջ ագրեսիայի ակտ Ադրբեջանի կողմից չի արձանագրվել, հետեւաբար կարող ենք եզրակացնել, որ ԵՄ դիտորդների տեղակայումն այստեղ զսպող դեր է ունեցել եւ կայունացրել է սեպտեմբերյան ագրեսիայից հետո ստեղծված լուրջ անվտանգային իրավիճակը: Այս առումով կարող ենք արձանագրել, որ մենք ունենք կայունացում: Այդ արձանագրման վրա հիմնվելով՝ կարող ենք հույս հայտնել նաեւ, որ երկու տարով տեղակայվող ԵՄ դիտորդական խումբն ավելի արդյունավետ կլինի, քան եղել է արդեն հոկտեմբերից դեկտեմբեր գործած դիտորդական խումբը: Այս առումով հույս ունեմ, որ դիտորդական խմբի տեղակայման շնորհիվ կունենանք համեմատաբար կայուն իրավիճակ սահմանին:

-Տիկի՛ն Ջուլհակյան, մեր դաշնակից Ռուսաստանն է բավականին կոշտ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը. սա դիտարկում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձ: Ի՞նչ կասեք այս մասին:

-Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի առաջին ակտն արձանագրվել է դեռեւս 2021թ.-ի մայիսին: Մենք ունեցել ենք նաեւ երկրորդ էսկալացիան արդեն նոյեմբեր ամսին, 2022թ.-ի սեպտեմբերին ունեցել ենք արդեն ավելի լուրջ էսկալացիա, բայց այս դեպքում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ը, որպես ռազմական դաշինք, կա՛մ չեն արձագանքել, կա՛մ էլ արձագանքել են, բայց ոչ սպասված չափով: Պետք չէ սեփական անգործության հարցում Հայաստանին մեղադրել: Ռուսաստանին այս տարածաշրջանից չի կարող դուրս մղել որեւէ մեկը, բացի Ռուսաստանից. եթե կա երկիր, որը կարող է դուրս մղել նրան այս տարածքից, դա միայն Ռուսաստանն է իր գործողություններով կամ անգործությամբ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել եւ առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում:

 

Օրենսգքի 124-րդ հոդվածը կունենա այս տեսքը. «Հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով»: ArmLur.am-ը հիմնավորումից տեղեկանում է, որ այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավելու են առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաեւ վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները: Խնդիրն առավել արդիական է դառնում այն պահեստազորայինների մասով, որոնց հիմնական աշխատավայրում ստանում են բարձր աշխատավարձ: Այդ նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ, օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն, վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը, առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել, որ հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Նախագծի հեղինակները կարծում են, որ այս կարգավորումը հնարավորություն կտա, մի կողմից, վարժական հավաքներին մասնակցող աշխատողի մասով բարձր աշխատավարձ ստանալու դեպքում համապատասխան չափով պահպանված աշխատավարձի եւ հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի ընդհանուր գումարը հնարավորինս մոտարկել բարձր աշխատավարձի չափին, եւ մյուս կողմից՝ մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՆՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ պահանջել կարճել Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը եւ քրեական հետապնդումը դադարեցնել: Նշենք, որ սա պաշտպանի երկրորդ միջնորդությունն է:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 4 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որեւէ քննչական գործողություն չի արվել, եւ քրեական գործը մնացել է Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:

Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի եւ դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, եւ այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց։

 

 

 

ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու եւ միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել երեկ Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը: Կողմերը քննարկել են նաեւ էլեկտրամատակարարման եւ գազի անխափան մատակարարման հարցերը։

Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման եւ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։

 

 

 




Լրահոս