«ՅՈՒՂՈՏ» ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՂԹՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն մշտապես մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով շարունակում է միլիոնավոր դրամներ ստանալ պետական բյուջեից: Այս անգամ խոսքը 27 մլն դրամի մասին է, իսկ պայմանագիրն էլ կնքվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության հետ: Այս անգամ խոսքը ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստի ժամանակ իրականացրած կազմակերպչական ծառայությունների մասին է: Այդ գումարի մեջ են եղել գովազդային վահանակների տեղադրում, տարբեր տեխնիկաների վարձակալումներ:

 

Նշենք, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը եւ Ռուդիկ Տեր-Գալստյանը։ Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։

Ընկերության ստեղծման, ինչպես նաեւ այժմյան գործունեության մասով ակտիվ դերակատարում ունի Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պորդյուսեր Տիգրան Վիրաբյանը: Իհարկե, օրենքով ընկերներ ունենալն արգելված չէ, բայցեւ, համաձայնե՛ք, տարօրինակ է, որ «շա՜տ պատահականորեն» պետական նշանակության կարեւորագույն ու «յուղոտ» բոլոր միջոցառումները միշտ նույն՝ Հանրային ՀԸ-ի գլխավոր պրոդյուսերի հետ կապվող ընկերությունն է հաղթում: Ֆիքսենք՝ ընդհանուր հաշվով, «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ։

«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 2019-20 թթ.-ին 325 մլն դրամ էր վճարվել Երեւանում ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար, դրան նախորդած տարում էլ 30 մլն դրամ էր հատկացվել միայն Երեւանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար: Մեկ այլ պայմանագրով էլ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 24 մլն դրամի կամ 49 հազար 300 ԱՄՆ դոլարի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը տոնական միջոցառումներ էր պատվիրել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերվա համար: 2019-ին «Ֆակտորի փրոդաքշն»-ին էր բաժին հասել նաեւ Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված 108,5 մլն դրամի 25 մլն 20 հազար դրամը՝ կրկին մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով: «Ֆակտորի փրոդաքշնը» ծառայություններ է մատուցել նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայություններ մատուցելն արժեցել է 54 միլիոն 790 հազար դրամ:

Կառավարության պահուստային ֆոնդից «Ֆակտորի փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 750 մլն 192 հազար դրամ էր հատկացվել նաեւ 2022 թ. մայիսի 21-31-ը Երեւանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով:

Հավելենք, որ ՍՊԸ-ի հիմնադիրներ Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանն ընկերներ են։ Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը եղել է Հանրայինի գործադիր պրոդյուսերը։ 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել է հանրապետության նախագահի օգնական՝ Արմեն Սարգսյանի օրոք։ 2022թ. հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ մարտի 3-ին նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը Վազգեն Պողոսյանին ազատեց օգնականի պաշտոնից մարտի 18-ից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ՄԱՐԱՔԵՇ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը մարտի 15-19-ը կգործուղվի Մարաքեշ (Մարոկկո)՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին եւ Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի հերթական նիստին մասնակցելու համար:

Պատգամավորը մարտի 20-25-ը կգործուղվի նաեւ Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանին:

Արմեն Գեւորգյանի գործուղման հետ կապված ճանապարհածախսերը՝ օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, կկատարվեն պետբյուջեի հաշվին:

ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների եւ ցկյանս կրթության համակարգերի բաժնի ղեկավար Բորեն Շակրունի գլխավորած փորձագիտական խմբին: Առաքելությունը Հայաստան է գործուղվել կրթության ոլորտում կարիքների գնահատման նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի զարգացման, քոլեջների եւ ուսումնարանների գործունեության, մարդկային կապիտալի զարգացման ու հմտությունների բարելավման կարեւորությանը եւ այս համատեքստում համագործակցության հեռանկարներին:

Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկայացուցիչներին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որը մինչ այս կիրառվել է փորձնական ծրագրերով, դարձնել ինստիտուցիոնալ:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կրթության ոլորտի քաղաքականությամբ ստեղծվել է մասնավորի հետ համագործակցության նոր ձեւաչափերի գործիքակազմ, ինչի արդյունքում դիտարկվում է նաեւ քոլեջների եւ ուսումնարանների  կառավարման մոդելը փոխելու հնարավորությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 17-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ նահանգներում։ Armlur.am-ը տեղեկացավ, որ նա մինչեւ մարտի 2-ը կլինի այնտեղ։ Հետաքրքիր է, որ նրա գործուղումն այդքանով չի ավարտվում, եւ Հայաստան վերադառնալուց հետո նա միանգամից այլ գործուղումների է լինելու, այսինքն՝ խիստ զբաղված է: Տեղեկացանք, որ Զարեհ Սինանյանը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը մարտի 7-11-ը ներառյալ վարչապետի հրամանով գործուղվելու են Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ՝ մարտի 7-ին, մարտի 9-11-ը) եւ Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս՝ մարտի 7-8-ը, Հալեպ՝ մարտի 8-9-ը, Քեսաբ՝ մարտի 9-ին) երկրաշարժից տուժած հայկական համայնքների եւ հաստատությունների խնդիրների եւ կարիքների վերհանման նպատակով:  Տեղեկացանք նաեւ, որ Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ  եւ նաեւ Սիրիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

 

 

ԿՄԵԿՆԵՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 1-3-ը Հաագա (Նիդերլանդների Թագավորություն) կմեկնի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Տեղեկացանք, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

Իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին եւ Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի հերթական նիստին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 15-19-ը՝ Մարաքեշ (Մարոկկո), ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանին մասնակցելու համար մարտի 20-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Ստրասբուրգ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

 




Լրահոս