Ամերիկյան հետախուզական ծառայությունները տարեկան իրենց զեկույցում հավանական են համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ երկարատև ընդհարումները: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ պաշտոնական և փորձագիտական շրջանակները մեկնաբանում են տարածաշրջանային կայունության հետ կապված հարցեր
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու մասին: Այս մասին տեղեկությունը հաստատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ տարեսկզբից ի վեր սա ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում Երևանի երկրորդ աղմկահարույց որոշումն է։ Այս տարվա սկզբին՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժություններ հյուրընկալելուց։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը մշտապես դժգոհություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պայմաններում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ու Ռուսաստանի ղեկավարած կառույցի դիրքորոշման վերաբերյալ:
Իսկ այդ ընթացքում Վաշինգտոնը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր զինված ընդհարումներ` կարճատև զինված առճակատումների տեսքով։ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հրապարակած «ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների սպառնալիքների գնահատման տարեկան զեկույց»-ում ամերիկյան հետախուզությունը հայ-ադրբեջանական լարվածության պահպանումը բացատրում է խաղաղության պայմանագրի բացակայությամբ, սահմանին երկու երկրների զինված ուժերի չափազանց մոտ տեղեկայմամբ, հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների բացակայությամբ, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցություններում ռազմական ճնշումներ կիրառելու Ադրբեջանի քաղաքականությամբ: Զեկույցն ընդգծում է, որ խաղաղ բանակցություններում առկա է որոշակի առաջընթաց, սակայն ամենախնդրահարույց հարցերը, կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են կարգավորված լինելուց:
«2021 թվականի մայիսից պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ: Առավել ինտենսիվ ընդհարումներ տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են սկսել սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ: Բախումների արդյունքում զոհվել են մոտ 300 զինվորականներ», նշված է փաստաթղթում:
Ամերիկյան հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն իր տարեկան զեկույցում նույնպես խոսել է հայ-ադրբեջանական լարվածության մասին՝ շեշտելով՝ «Ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումները և գրավել հայկական տարածքներ սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական իշխանությանը և մեծացնելով լայնածավալ պատերազմի վտանգը»:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցին, թե որքանով է ամերիկյան հետախուզական մարմինների վերոհիշյալ զեկույցը հրատապություն հաղորդում տարածաշրջանին խաղաղություն բերելու Վաշինգտոնի ջանքերին, նշել է, որ հրատապության գործոնը մշտապես առկա է այս հարցում, քանի որ իրավիճակը չափազանց փխրուն է:
«Սա մի իրավիճակ է, որը մեծապես հակում ունի վերածվելու բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շրջանում: Սա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ», – ասել է Փրայսը:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին:
«Մենք կշարունակենք դա անել՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք դիվանագիտություն վարեն և հասնեն համաձայնությանը, ինչը, հուսով ենք, կկարողանան անել», – եզրափակել է Փրայսը։
Կանադական Քարլթոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով ինստիտուտի պրոֆեսոր Ջեֆֆ Սահադեոն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ այսօր Արևմուտքն այս հարցում ստացել է բավականաչափ լայն տարածություն ներգրավման համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա: Ըստ նրա՝ Արևմուտքի համար Հարավային Կովկասն ունի մեծ աշխարհաքաղաքական կարևորություն՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի գործոններն ու ռուսական էներգակիրներին փոխարինող այլընտրանքային էներգիայի աղբյուրները:
«Արևմուտքը շատ ավելի ներգրավված է այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացում, և կարծում եմ՝ կա գիտակցում, որ այս շատ բարդ իրավիճակը կարող է շարժվել տարբեր ուղղություններով: Այն կարող է հանգեցնել մեկ այլ պատերազմի, ինչպիսին ականատես եղանք 2020 թ-ին, կամ կարող է բերել մի իրավիճակի, երբ հարաբերությունները որոշակիորեն կկարգավորվեն, մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի միջև, և դա կհանգեցնի տարածաշրջանում առևտրային հարաբերությունների խորացմանը, որն էլ իր հերթին կնպաստի բռնությունը նվազագույնի հասցնելուն»,- ասել է Սահադեոն:
Պրոֆեսոր Սահադեոն կարևորում է այս հարցում Արևմուտքի հետևողական քաղաքականության և ներգրավվածության անհրաժեշտությունը:
«Ինչպես գիտեք, Արևմուտքը կարող է ներգրավված լինել մեկ կամ երկու տարի, իսկ այնուհետև նրա ուշադրությունը կարող է շեղվել դեպի այլ տեղ: Ուստի ես հուսով եմ, որ տարածաշրջանի երկրները և Արևմուտքը միասին կձեռնակեն ավելի ինտենսիվ խաղաղ գործընթաց, քան որը տեղի է ունենում վերջին մի քանի ամիսների ընթացքում, և դա կարող է հանգեցնել որոշակի դրական արդյունքների»,- ասում է նա:
Իր հերթին, Open Democracy էլեկտոնային պարբերականը «Երկրաշարժը վերաբացեց Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը» վերնագրով հոդվածում մեջբերում է հայազգի վերլուծաբան Դիանա Յայլոյանի կարծիքը, ըստ որի՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունները, որոնցից է Թուրքիայի շարունակական աջակցությունն Ադրբեջանին, կարող են խանգարել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանը պնդում է ՝ Թուրքիայի համար ցանկացած առաջընթաց կախված կլինի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, իսկ Էրդողանի կառավարությունը կզգուշանա կտրուկ քայլերից Թուրքիայում գալիք նախագահական ընտրությունների պատճառով։ Նրա պնդմամբ, Անկարայի ու Երևանի դիրքրոշումներում առկա է հսկա անհամաչափություն, որտեղ Թուրքիան չի ցանկանում շտապել Հայաստանի հետ հարաբերություններում առնվազն ընտրություններից առաջ, մինչդեռ Հայաստանը հույս ունի որքան հնարավոր է շուտ հասնել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, նշել է վերլուծաբանը։
Թարգմանությունը՝ shantnews