Գ. Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, անկանոն վարել է, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի. Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ձերբակալելու հետ կապված:

«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:

Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:

Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:

Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս