Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, թե այն տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Իսկ հայկական կողմը հայտնում է, որ «հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը»։
«Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր»,- ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում։
Ըստ Կրեմլի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական կերպով՝ ռուսաստանցի խաղաղապահների հետ սերտ գործակցությամբ լուծելու անհրաժեշտությունը։
«Քննարկվել են 2020-22 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններում տեղ գտած համալիր պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտները, այդ թվում` հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման հարցերը», – նշված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Մանրամասներ՝ տեսանյութում
Ն.Հ.