ՊՎԾ իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ. Փաշինյանին հաշվետվություն է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՎԾ ղեկավար կազմը, պաշտոնատար անձինք:

ՊՎԾ ղեկավարը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում կառույցի կողմից կատարված աշխատանքների մասին:

Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել 2022թ. իրավական ապահովման և օրինականության,
պետաիրավական, տնտեսական, սոցիալական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գնումների
գործընթացների, ստուգումների, ինչպես նաև ռիսկերի գնահատման և վերլուծության ոլորտներում իրականացված 43
ուսումնասիրությունների և 201 մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ: Ներկայացվել են նաև ՀՀ
վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքները: Նշվել է,
որ ՊՎԾ իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ՝
կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների գծով: Զեկուցվել է, որ արձանագրված խախտումների
հանրագումարը կազմել է շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել 120.7 մլն ՀՀ դրամ,
քաղաքացուն է վերադարձվել 13.7 մլն ՀՀ դրամ, մնացած մասով քրեական վարույթներն ընթացքի մեջ են:
2022թ. քաղաքացիներից ստացվել է շուրջ 590 հանրագիր. 2021թ. համեմատ աճը կազմել է շուրջ 43
տոկոս:

Նշվել է, որ ՊՎԾ գործունեության արդյունավետության բարձրացման շրջանակում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք թույլ կտան վերահսկողություն իրականացնել նաև հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում:

Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացվել է հանրային քննարկման՝ E- draft.am կայքէջում:

Շենքային պայմանների բարելավման միջոցառման շրջանակում ավարտվել են վերակառուցման/հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, շինարարության մրցույթը նախատեսվում է հայտարարել այս տարի:

Զեկուցվել է, որ ՊՎԾ բյուջեի կատարողականը կազմել է 99.3 տոկոս:

Հաշվետվությունը լսելուց հետո մտքերի փոխանակություն է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ:

Քննարկման առարկա են դարձել Պետական վերահսկողական ծառայության գործունեությանը վերաբերող հարցեր և հետագա անելիքները: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել «ՊՎԾ մասին» օրենքում
փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների, վերահսկողության
արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վերահսկողության գործիքակազմի ընդլայնման,
կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ և այլն: Անդրադարձ է եղել նաև պետական ծրագրերի
արդյունավետության նկատմամբ վերահսկողության հարցին:

Վարչապետը կարևորել է ոլորտի շարունակական բարեփոխումները և վերահսկողական միջոցառումների
արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական
աշխատանքը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համակարգային մոտեցման և միջգերատեսչական
ակտիվ գործակցության անհրաժեշտությունը:

Խորհրդակցության արդյունքներով Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:




Լրահոս