Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում է 2024 թվականին սպառազինությունների գնման համար ռեկորդային գումար ծախսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կարիքների համար Սպիտակ տան բյուջեի նախագծում:
Գնումների համար 170 միլիարդ դոլար կտրամադրվի: Պենտագոնի բյուջեի նախագծով նախատեսվում է ռեկորդային 145 միլիարդ դոլարի ներդրումներ՝ զենքի հետազոտման, մշակման և փորձարկման համար: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը 30,6 միլիարդ դոլար է խնդրել զինամթերք գնելու համար։
Պահանջվող գումարը 5,8 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա հատկացումից։ Ընդհանուր գումարից գնման համար նախատեսվում է հատկացնել. մարտավարական հրթիռներ՝ 17,3 մլրդ դոլար, ռազմավարական հրթիռներ՝ 7,3 մլրդ դոլար, զինամթերք՝ 5,6 մլրդ դոլար:
Բացի այդ, 600 միլիոն դոլար կծախսվի տեխնոլոգիական զարգացման վրա, իսկ ավելի քան 1 միլիարդ դոլար՝ ռազմական տեխնիկայի արտադրական բազան ապահովելու համար։