Մշակվում է Հայաստանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը մշակվում է, այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այցը մշակվում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Հայաստանի արտգործնախարարության ղեկավարն առաջիկայում կայցելի Մոսկվա։

«Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը։ Առաջիկայում նախատեսվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ կքննարկվի նաև այս հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը և հավելել, որ դրա մասին երեկ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած հանդիպումը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է:

«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպումը բոյկոտելու: Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում», – հավելել էր նա:

Անդրադառնալով Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առկա է ճգնաժամի մասին հնչած հարցին, Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ անկեղծ են, ինքը ճգնաժամ չի տեսնում. «Մենք խոսում ու քննարկում ենք: Ֆիքսում ենք, որ կան խնդիրներ, որոնց մի մասն օբյեկտիվ է»։




Լրահոս