ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մեկ անձի մասով ավարտվել է 2022թ. օգոստոսի 18-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Վաղարշապատի բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում:
Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց շրջանակը, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները, դրանց տրվել է քրեաիրավական գնահատական:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի մի խումբ երիտասարդներ վիճաբանել են համաքաղաքացի 21-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը՝ Կարատեիստ Հապետ մականունով Էջմիածնի 43-ամյա բնակիչ Հ.Կ.-ն ծեծել է վերջինիս, ինչի մասին երիտասարդը տեղեկացրել է 27-ամյա եղբորը, որը, ի պատասխան եղբոր նկատմամբ կիրառված բռնության, իր հերթին ծեծել է հիշյալ Հ.Կ.-ին:
Դեպքից օրեր անց վիճաբանության մասին տեղեկացել են նաեւ վիճաբանող կողմերին քաջ ծանոթ անձինք, որոնք փորձել են կողմերին հաշտեցնել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել, եւ 21-ամյա երիտասարդի եւ հասակակիցների վիճաբանությունը վերաճել է երկու խմբավորումների միջեւ հակամարտության, որի կարգավորման համար նշված անձինք դիմել են այլ՝ Ուջանիկ մականունով Ա.Մ.-ին եւ Գրիզլի մականունով հայտնի Է.Մ.-ին:
Շարունակելով ագրեսիվ վարքագիծը՝ 27-ամյա երիտասարդն իր ընկերոջ հետ կրկին հանդիպել է եղբորը ծեծի ենթարկած Հ.Կ.-ի եւ Ա.Մ.-ի հետ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ դարձյալ ծեծի են ենթարկել նրանց: Չհանդուրժելով իրենց նկատմամբ նման վերաբերմունքը՝ վերջիններս որոշել են վրեժխնդիր լինել 27-ամյա երիտասարդից:
Այդ նապատակով Ա.Մ.-ն, 27-ամյա երիտասարդի եւ վերջինիս ընկերոջ կողմից ծեծի ենթարկվելուց հետո ձեւավորված լարված եւ թշնամական հարաբերությունների պատճառով առաջացած վրեժի շարժառիթով նախապես վարձակալված տանն ընկերների հետ պլանավորել է համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու ծրագիրը, կատարել դերաբաշխում։ Ըստ դրա՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենան պետք է վարեր ինքը, Գիժ մականվամբ Ա.Բ.-ն՝ հսկեր տարածքը, իսկ Է.Մ.-ն պետք է իրականացներ 27-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու ծրագիրը. 2022 թվականի օգոստոսի 18-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Էջմիածին քաղաք, որտեղ դարանակալել եւ սպասել են 27-ամյա երիտասարդին:
Ժամը 21:10-ի սահմաններում, երբ 27-ամյա երիտասարդն ընկերոջ կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հասել է Էջմիածին քաղաքի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Է.Մ.-ն իր կողմից ապօրինի կրած AK տեսակի ինքնաձիգից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով նշված փողոցում գտնվող տներից մեկի դիմաց՝ ավտոմեքենայից դիմահար կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով նշված ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա երիտասարդի ընկերը՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում, հիվանդանոցում մահացել է, իսկ 27-ամյա երիտասարդը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մահացած երիտասարդին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել էր Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում՝ ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին բախված: Կատարված զննությամբ հիշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել էին ատրճանակ, արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ, որոնք, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, հետեւանք էին Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում արձակված կրակահերթի:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հանցագործությունը թաքցնելու նպատակով հիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին գտնվող «Մատուռ» կոչվող հուշահամալիրի հարակից տարածքում այրել էին: Զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել էին ինքնաձիգ՝ այրված վիճակում, կրակված պարկուճներ, փամփուշտի գնդակ, չկրակված փամփուշտներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Ա.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Վերջինիս մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, եւ անջատված մասով քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ա.Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Է.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հիշյալ անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՃԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Փետրվարի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Նորամարգ գյուղի 34-ամյա մի բնակիչ:
Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18:30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված տղամարդը գյուղի ակումբի մոտ անձնական հարցի շուրջ վիճաբանել է 36-ամյա համագյուղացու հետ, այդ ընթացքում էլ 36-ամյա տղամարդը դանակահարել է նրան: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 36-ամյա նորամարգցին հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԲԺՇԿԻ ԵՆ ԾԵԾԵԼ
Փետրվարի 27-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի լույս 25-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները հիվանդանոցի ընդունարանում կատարել են խուլիգանություն, հարվածներ են հասցրել հերթապահ բժշկին եւ շտապօգնության մեքենայի վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խուլիգանությունը կատարել են կապանցի 31 եւ 30 տարեկան երկու երիտասարդ: Նրանք հայտնաբերվել եւ ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով՝ փոխատեղումներ են կատարվել Քրեակատարողական ծառայության համակարգում:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Բախշիի Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ:
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Արմենակի Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Վանիկի Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ:
«Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Ժուդոլֆի Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ:
«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Էդուարդի Խալապյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչիկի Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից: