ԱԹՈՌԻՆ ԿԱՌՉԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի իշխանությունները չունեն պատասխանատվություն ընտրողների առջեւ, ապացուցվել է բազմիցս: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ նրանք նաեւ ատամներով կառչած են իշխանությանը, այնինչ եվրոպական երկրներում նախարարներն ու անգամ երկրի ղեկավարը կարող է հրաժարական տալ անգամ ամենափոքր սխալի դեպքում: Խոսենք փաստերով. Հունաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել երկաթուղային վթարից հետո, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել՝ հայտարարելով, որ իր վրա է վերցնում տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը։ Խոսքը Լարիսա քաղաքից ոչ հեռու՝ նույն գծի վրա գտնվող բեռնատար եւ մարդատար գնացքների ճակատային բախման մասին է։ Հրշեջ ծառայության վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 130-ը: Նկատենք՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ունեցել է գրեթե 5 հազար զոհ, 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա իրադարձություններից հետո ունեցանք 201 զինծառայողի կորուստ: Ընդամենը վերջերս՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղի զորամասի հրդեհին էլ զոհ գնաց 15 զինծառայող: Այս եւ այլ ողբերգական դեպքերից հետո իշխանության վերջին օղակներում գտնվող անձինք եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել եւ շարունակում է պաշտոնավարել, չնայած մշտապես հայտարարում է, թե կրում է այդ դեպքերի պատասխանատվությունն ու մեղավորությունը: «Եվ ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետեւ ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչը որ մինչ այս պահն է տեղի ունեցել, այլեւ նրա համար, ինչը որ սրանից հետո է տեղի ունենալու, ու ես այդ պատասխանատվությունը պատրաստվում եմ կրել մինչեւ այն պահը, երբ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ այլեւս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: Որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե ժողովուրդն է ընտրում, եւ այդ պատճառով չի հեռանում, փաստ է մեկ բան՝ նա կառչած է իր աթոռից:

 

 

 

 

 

Կառավարությունը բոլոր իրավաբանական անձանց, այդ թվում՝ ոչ առեւտրային կազմակերպություններին՝ ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավորեցրել էր 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել:  Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ նախապես սահմանված էր մինչեւ մարտի 1-ը, սակայն, հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, որոշում կայացվեց մինչեւ ապրիլի 1-ը չհարուցել վարչական վարույթներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի չներկայացման հիմքով՝ դրանով իրավաբանական անձանց տալով հավելյալ ժամկետ պարտավորության կատարումն ապահովելու համար։ Մինչեւ  սահմանված ժամկետը պարտավորությունը չկատարելու դեպքում սկզբում կհայտարարվի նախազգուշացում, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման դեպքում՝ վարչական տուգանք՝ մինչեւ 100 հազար դրամի սահմաններում: Հայտարարագրով ստացված տվյալները բաց են լինելու, այսինքն՝ պետական ռեգիստրի գործակալության կայքում հասանելի են լինելու բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները: «Ժողովուրդ» օրաթերթին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հունվարի 1-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում շուրջ  30.000 հայտարարագիր ներկայացվել է պետական ռեգիստրի գործակալություն, օրական միջինում 1000-1500 լիազորագիր ներկայացվում է համակարգում գրանցելու նպատակով։ Նախարարությունից հայտնում են նաեւ, որ 70.000 կազմակերպության կողմից դեռեւս հայտարարագրեր չեն ներկայացվել:

 

 

 

 

Գլխավոր դատախազը որոշել է խառնվել նաեւ համայնքների ղեկավարների գործերին: Բանն այն է, որ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Իսկ ի՞նչ է լինելու այս նախագծերի ընդունման արդյունքում: Այսպիսով, օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը: Հիմնավորման մեջ նշվում է, թե այդպես հնարավորություն կլինի ապօրինի կերպով արված որոշումների արդյունքում օտարված հաստատությունները վերադարձնել համայնքին: Այսպիսով, ստացվում է, որ Երեւանի քաղաքապետը եւ ապագա քաղաքապետը աշխատելու են համայնքի ղեկավար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մոտ: Մարզերում համայնքների ղեկավարներին կվերահսկեն մարզային դատախազները: Ասել է թե՝ տեղական ինքնակառավարում ասվածը հօդս է ցնդելու: Ինքնակառավարումը վերահսկվելու է դատախազության կողմից ամբողջությամբ: Հավելենք, որ ՀՀ բոլոր նախկին դատախազները փորձել են այս օրենքը անցկացնել, սակայն չի հաջողվել. միայն Վարդապետյանին հաջողվեց համայնքային շահը նույնացնել պետական շահի հետ եւ մխրճվել համայնքային կառավարման գործերի մեջ:

 

 

 

 

2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, նախորդ՝ 2021թ.-ի փոխանցումների համեմատ, անցյալ տարի փոխանցումները 2,5 անգամ աճել են։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ավելի քան 2,1 մլրդ դոլարին համարժեք գումար: Փոխանցումների առյուծի բաժինը` շուրջ 3,6 մլրդ դոլարին համարժեք գումարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Այս թիվն էլ  2021-ի նկատմամբ աճել է ավելի քան 4 անգամ։ 2021թ-ին ՌԴ-ից փոխանցվել էր ընդամենը շուրջ 866 մլն դոլարին համարժեք գումար: ՌԴ-ից փոխանցումներն ընդհանուր 69%-ն են կազմում։ Մասնագետները կարծում են, որ տրանսֆերտների նման աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ՀՀ ժամանած օտարերկրացիների, մասնավորապես՝ ռուսաստանցիների թվով։




Լրահոս