«Հետք» լրատվականը պարզել էր, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս 168.000 դոլարով բնակարան է գնել: Ըստ լրատվամիջոցի՝ գործարքը տեղի է ունեցել 2022թ.-ի ամռանը։ Բնակարանի ձեռք բերման գործարքը ֆինանսավորել է Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ը։ Շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը: Հիշեցնենք, որ դրանից առաջ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր թանկարժեք առանձնատուն ձեռք բերել Քասախում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը ասաց, որ խմբակցությունում քննարկել են այս հարցերը:
-Պարո՛ն Խաչատրյան, Ձեր թիմակիցներից հետաքրքրվե՞լ եք՝ ինչ միջոցներով են թանկարժեք բնակարաններ ձեռք բերում. խմբակցությունում այս հարցերը քննարկման առարկա դառնու՞մ են:
-Երբ նման հարցեր են լինում, խմբակցությունում բարձրաձայնվում է, որ պետք է խորանալ այդ հարցի մեջ: Պաշտոնյաները հայտարարագրեր են ներկայացնում, մենք համապատասխան մարմիններ ունենք, որոնք ուսումնասիրում են. եթե անհանգստանալու առիթ կլինի, ապա արձագանքը կլինի համապատասխանաբար, բայց որեւէ մեկին արգելված չէ վարկ վերցնել:
Եթե մարդը բարձր աշխատավարձ ունի, կարող է վարկ վերցնել եւ իր կենցաղային հարցերը լուծել, բայց եթե կա դիրքի չարաշահում կամ կոռուպցիոն կասկած, դրա համար կան հետաքննող լրագրողներ, համապատասխան կառույցներ, որոնք հետաքրքրվում են, եւ եթե լինի փաստ, որ դա օրենքի խախտում է, ապա ցանկացած մարդ՝ սկսած վարչապետից, վերջացրած ցանկացած այլ պաշտոնյա, պետք է պատասխանատվության ենթարկվի:
Մենք երբեւէ չենք ասել, որ ապահովագրված ենք օրենքը չկատարելու հնարավորությունով: Ցանկացած մարդ իրավունք ունի կասկածներ հայտնելու, բայց որեւէ մեկն իրավունք չունի իր կասկածները որպես դատավճիռ ներկայացնի եւ ասի՝ տվյալ մարդը մեղավոր է:
Կասկածողը կարող է դիմել, որոշողն էլ որոշում է՝ այդ մարդը մեղավոր է, թե ոչ:
Բարձրաստիճան պաշտոնյաների անցուրդարձը պետք է լինի հասարակության տեսադաշտում, կասկած հարուցող խնդիրները պետք է բարձրաձայնվեն, պատասխաններ պետք է տրվեն: Դա կստիպի նաեւ, որ պաշտոնյաները պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց անցուդարձին: Կարծում եմ, որ ընդդիմության գործառույթներից նաեւ պետք է լինի խոշորացույցի տակ պահել իշխանական լծակներին հասած անձանց եւ բարձրաձայնել նրանց վարքի հետ կապված կասկածների մասին, վերջում որոշել՝ փարատվեց կասկածը, թե խորացավ:
-Դուք՝ որպես իշխանության ներկայացուցիչ, այստեղ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում:
-Ո՛չ: Ես, առանց փաստերի, ռիսկերի մասին չեմ կարող խոսել: Եթե ես չունեմ փաստ, միակ բանը, որ ես կարող եմ անել, համբերելն է, մինչեւ համապատասխան մարմինները հրապարակեն ուսումնասիրության արդյունքները: Ես մի բան գիտեմ՝ ոչ մեկին ի պաշտոնե արգելված չէ վարկ վերցնել. դա նորմալ է: Ես չեմ բացառում, որ կարող է լինել կոռուպցիոն դրսեւորում, որեւէ մեկը չի կարող դա բացառել, բայց դա պետք է ապացուցվի, ոչ թե ենթադրվի: Շատ կարեւոր է, որ մենք վստահ լինենք, որ կոռուպցիայի դրսեւորման դեպքում պատիժը կլինի անխուսափելի, բայց իմ խնդիրը չէ ասել՝ ռիսկ կա, թե ոչ: Եթե փաստ ունենամ, նոր կարող եմ այդ մասին խոսել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ
««Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի եւ հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը». Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է իմ նամակին»,- հաղորդագրություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Արդարադատության միջազգային դատարանի որոշման կապակցությամբ հրատապ գրություն էի ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։ Ահազանգել էի, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի պահանջը, այն է՝ երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը։
Եվս մեկ անգամ շեշտադրել էի, որ Ադրբեջանը ավելի քան 2 ամիս շարունակում է Արցախի 120.000 բնակչությանը պահել պատանդի կարգավիճակում գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման շարունակական խափանումների, ինչպես նաեւ սննդի, դեղորայքի, այլ կենսական կարիքների լրջագույն պակասի պայմաններում։
Միջազգային կառույցներին խնդրել էի իրենց մանդատի շրջանակներում նպաստել Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման կատարմանը եւ իրազեկել կատարված ու նախատեսվող քայլերի մասին։
Եվ, ահա, ստացել եմ պատասխան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից, որը հավաստիացնում է, որ օգտագործում է բոլոր հասանելի հնարավորությունները՝ վճռականորեն խրախուսելու Հայաստանին եւ Ադրբեջանին լիարժեքորեն հավատարիմ մնալ երկխոսությանը եւ առաջնահերթ լուծել կոնֆլիկտին առնչվող՝ մարդու իրավունքների եւ հումանիտար բոլոր առկա խնդիրները։
Այդ իմաստով տիկին Բուրիչը նշել է, որ կշարունակի նպաստել Լաչինի միջանցքի եւ հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը։
«Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցման ջանքերին կողմերի միջեւ վստահության կառուցման գործիքակազմով՝ նպատակ հետապնդելով հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Իմ կողմից հավելեմ, որ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն, ցավոք, այն չի կատարվել մինչ օրս»:
5 ՕՐՈՎ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ նույն նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը մարտի 5-9-ը կգործուղվեն Նյու Յորք: Նարեկ Մկրտչյանի եւ Էդուարդ Պետրոսյանի՝ Միավորված ազգերի կազմակերպության կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով գործուղման գիշերավարձի եւ օրապահիկի ծախսերը կատարվելու են 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի, իսկ Էդուարդ Պետրոսյանի գործուղման ճանապարհածախսը եւ օրապահիկի ծախսը՝ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-15-ը կմեկնի Մանամա (Բահրեյնի Թագավորություն): ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մանամայում կմասնակցի Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են լինելու ՔՊ խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, պատվիրակության կազմում կլինի նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը: Պատվիրակության գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկը եւ գիշերավարձը կկատարվեն պետբյուջեի հաշվին:
ՆՈՐ ԱՎԱՆ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Արագած» ներդրումային ծրագրին: Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Աշխատանքի դիմաց ֆերմերները ստանալու են աշխատավարձ: Ծրագրով նախատեսված է ամառային եւ ձմեռային հանգստավայրի կառուցում: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 1,112 նոր աշխատատեղ: Նախագծից տեղեկանում ենք, որ ծրագրի իրականացման դեպքում սկզբնական փուլում նախատեսվում է 236.797 արտաքին եւ 199.339 ներքին զբոսաշրջային մուտքերի ապահովում: Տեղեկացանք, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնել մոտ 93 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Նոր համալիրի ստեղծումը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերին, կկառուցվի նաեւ 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով եւ այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ եւ 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար: