ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություններ կատարել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում:

 

Բանն այն է, որ  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ «Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաղորդագրության հրապարակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:»:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի`

  1. Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի`

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ,

2) պաշտոնը թափուր մնալուց հետո` եռամսյա ժամկետում: (…):

Իսկ արդեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն` «Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 197-րդ հոդվածի 2-րդ մասով, 199-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչեւ Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ»:

Վերոգրյալից հետեւում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` Պաշտպանի ընտրությունն անցկացվում է Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ ՀՀ Սահմանադրության եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն` Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տեղի է ունենում եռամսյա ժամկետում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատգամավորը գտնում է, որ առաջացել է անհրաժեշտություն կատարել համապատասխան փոփոխություն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում:

Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով. Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր նրա հրաժարականը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քաղաքապետը`

-նախագահին է ներկայացրել Երեւանի քաղաքային տրանսպորտում եւ այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը,

-մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային եւ նախահաշվային աշխատանքների վերաբերյալ,

-անդրադարձ է կատարել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին եւ միջոցառումներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների եւ լիազորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին եւ բարեփոխումներին:

 

 

 

ՄԵԿՆԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:

Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։

Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ եւս:

 

 

 

 

«ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ»

Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, իսկ Լաչինի միջանցքը պետք է բացվի. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

«Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է, միջանցքի ապաշրջափակումն առաջնահերթություն է։ Ազատ տեղաշարժն անհապաղ պետք է վերականգնվի. դա Ադրբեջանի պարտավորությունն է, օրենքը պետք է հարգվի։ Մենք պատրաստ ենք օգնել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մեր գործընկերներին»,- ասել է նա:

 

 

 

 

ՆՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժի ծանուցում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց։ Այդ որոշմամբ դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը եւ Էներգետիկ խարտիայի շրջանակներում վարույթ է հարուցում Հայաստանի դեմ։

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը հայտնել է, որ միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում ընդդեմ Հայաստանի՝ «Երեւանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար»։

Այստեղ ընդգծենք, որ Հայաստանի միջազգային իրավական հարցերով մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հանրային խոսքում մշտապես շեշտում է  Հաագայի միջազգային դատարան դիմելու կարեւորությունը, Նիկոլ Փաշինյանի PR թիմն օրեր շարունակ ոգեւորված տարածում էր դատական լսումների տեղեկությունները՝ հասարակությանը կերակրելով, թե, ահա, միջազգային դատարանում քննվում է հայերի համար կարեւորագույն հարցը, եւ վճռից հետո Լաչինի միջանցքը կբացվի եւ այլն: Կյանքը ցույց տվեց, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով էր զբաղված: Նրանք ցույց են տալիս, թե գործում են, բայց գործում են իրականում զերո արդյունավետությամբ:

Ոչ միայն միջանցքը չի բացվում, այլ Հայաստանի դեմ գործերն են ավելանում։

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Հրաչյա Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը մարտի 16-19-ը կգործուղվեն Լիմասոլ (Կիպրոսի Հանրապետություն):

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները Կիպրոսում կմասնակցեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) Միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստի աշխատանքներին:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը եւ գիշերավարձը, կկատարվի պետբյուջեի հաշվին:

 

 




Լրահոս