Կառավարությունն իր երեկվա՝ մարտի 2-ի նիստում հաստատեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման եւ ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նիջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի՝ ըստ մարզաձեւերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն է։
2021/2022 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել են 5099 ուսուցիչներ (76.8%-ը՝ կանայք), որոնց 42.6%-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն:
Մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են 2104 մարզիչ-մանկավարժներ, նրանցից 324-ը (15.4%-ը)՝ կանայք:
Մանկավարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է նոր մասնագետների՝ համակարգ մուտք գործելուն:
Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը եւ լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի եւ արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը արտադպրոցական ուսումնական հաստատություններ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար հետեւյալ տրամաբանությամբ՝
ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած՝ կկազմի 100 հազար դրամ):
Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած՝ կկազմի 80 հազար դրամ):
Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած՝ կկազմի 60 հազար դրամ):
Կամավոր ատեստավորումն անցկացվելու է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան.
1) 2023 թվականից սկսած՝ ատեստավորումն իրականացվելու է մարզադպրոցներում դասավանդող ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ինչպես նաեւ ձյուդո մարզաձեւերի, ինչպես նաեւ արվեստի եւ երաժշտական դպրոցների դաշնամուրի եւ երաժշտության տեսության (սոլֆեջո եւ երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողների համար։
2) 2024 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվելու է նաեւ մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողների համար։
3) 2023 թվականից սկսած ատեստավորմանը կարող են մասնակցել նաեւ որեւէ հաստատությունում չաշխատող եւ մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով լրավճար կարող է ստանալ որեւէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է՝ ատեստավորումից սկսված։
Դիմումների ընդունումը կսկսվի մարտի 15-ից, դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային տարբերակով:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները երեկ եւս հանդիպել են՝ ռուսական կողմի միջնորդությամբ։
«Արցախպրես»-ը հայտնել է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու եւ միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։
Հանդիպման մասին հաղորդում է նաեւ ադրբեջանական կողմը՝ մանրամասնելով, որ այն կայացել է Խոջալուում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում։ «Հանդիպման ժամանակ նախնական քննարկումներ են անցկացվել Ղարաբաղյան շրջանում բնակվող հայերի՝ Ադրբեջանի Հանրապետությանը վերաինտեգրման շուրջ՝ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան»,- հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ շփումները կշարունակվեն։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու է նշանակվել Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, որն էլ բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովի եւ այլ պաշտոնյաների հետ մասնակցել է հանդիպմանը։
Արցախից Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍԵԼ ԵՆ
2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններում հաղթեց Բերդ խոշոր համայնքի ղեկավար, 2012թ.-ից Բերդ համայնքը ղեկավարած Հարություն Մանուչարյանի «Զորավոր համայնք» դաշինքը։ Հ. Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 7-ից իր հանդեպ հարուցված քրեական գործով գտնվում էր անազատության մեջ։ Նա ավագանու ընտրություններից հետո ազատվեց կալանքից, սակայն շուրջ մեկ ամիս անց նորից կալանավորվեց։ 2022թ. սեպտեմբերի 30-ից անազատության մեջ էր Բերդ խոշոր համայքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը։ Ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է Հարություն Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է Հարություն Մանուչարյանի, Բերդ համայնքի ավագանու նախկին անդամ Սարգիս Մարգարյանի եւ Բերդ համայնքի Այգեպար համայնքի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանի վերաբերյալ քրեական գործ, որը վերաբերում է դատավոր Սամվել Մարդանյանի հասցեին դատական նիստի ժամանակ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդ խոշոր համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանի, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանի եւ Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանի վերաբերյալ քրական գործով դատաքննություն. նշված պաշտոնյաները մեղադրվում են Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի ղեկավարի պաշտոնակատարին նախընտրական քարոզչություն անելուն հարկադրելու համար։ Հարություն Մանուչարյանին, Հասմիկ Մելիքյանին, Սամվել Հովսեփյանին քրեական գործերով կալանքի տակ պահելու, նրանց հանդեպ դատաքննություն սկսելու հետեւանքով Բերդ համայնքում 2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու համամասնական ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքը իշխանությունը ստիպված կիսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ 2022թ. նոյեմբերի 10-ին Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի 3-րդ համար Աստղիկ Հակոբյանը։ Նրա առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ կուսակցությունից Սեւակ Բադալյանը, համայնքի ղեկավարի խորհրդական՝ ՔՊ-ական Արթուր Ծատուրյանը, համայնքի ղեկավարի օգնական՝ ՔՊ-ական Արսեն Ադամյանը։ 2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու ընտրություններում Բերդ համայնքի 4 գյուղերում՝ Տավուշում, Վարագավանում, Չինչինում եւ Նորաշենում, ՔՊ կուսակցությունն ավելի շատ քվեներ է ստացել: Այդ գյուղերի վարչական ղեկավարներ են նշանակվել ՔՊ կուսակցության թեկնածուները՝ Տավուշում՝ Արմեն Արզումանյանը, Չիչինում՝ Կարեն Դարբինյանը, Վարագավանում՝ Արմեն Աբրահամյանը, Նորաշենում՝ Գոռ Աբրահամյանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ