ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ՝ «ԽՈՍԻ՛Ր ԻՆՁ ՀԵՏ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացել «Խոսի՛ր ինձ հետ» ներկայացումը, որի ռեժիսորն Ալյոնա Ջավուկցյանն է: 

 

Բեմադրության հիմքում ճապոնացի հեղինակ Բեցույակու Մինորուի «Հարյուր ենթավճար» ստեղծագործությունն է, որը գրվել է 2000 թվականին։

Ջավուկցյանը խոստովանում է՝ դժվարությամբ է կանգ առել այդ պիեսի վրա: «Ինչպես ցանկացած ռեժիսոր, ես եւս կարդացել եմ մի շարք ստեղծագործություններ՝ ինձ հուզող հարցերի մասին մտածելով եւ նպատակ ունենալով բեմադրել այնպիսի գործ, որը Հայաստանում չի բեմադրվել։ Պատահաբար հանդիպեցի «Հարյուր ենթավճար» ստեղծագործությանը: Երբ այն մի քանի անգամ կարդալու ցանկություն առաջացավ, հասկացա, որ դա այն է, ինչ ինձ պետք է»,-ասում է ներկայացման ռեժիսորը:

Մինչ այդ գործին անդրադառնալը Ալյոնա Ջավուկցյանը այնքան էլ ծանոթ չի եղել ճապոնական գրականությանը: Ընթերցելով՝ որոշել է հայ հանդիսատեսին եւս ծանոթացնել ճապոնացի ստեղծագործողներին, ճապոնական մշակույթին:

Ներկայացման գլխավոր հերոսներին մարմնավորում են Մարիամ Ղեւոնդյանն ու Արման Սաքանյանը:

«Վանաձորի թատրոնն ինձ հարազատ է, եւ ես ծանոթ էի դերասաններին, գիտեի նրանց ներուժը, իսկ բեմադրական աշխատանքներն ընթացել են բավականին հարթ, թեեւ ընթացքում ունեցել ենք ստեղծագործական բանավեճեր, որոնք շատ հետաքրքիր էին: Դերասանները շատ մտածող են, եւ ցանկացած միտք առաջադրելիս պետք է նրանց համոզեի, թե ինչու հենց այդ միտքը, ինչու այսպես պիտի բեմադրվի եւ այլն: Ի վերջո, ստացել ենք ներկայացման վերջնական տեսքը»,- նշում է ռեժիսորը:

Նրա խոսքով՝ «Խոսի՛ր ինձ հետ» ներկայացումը միայնակ մարդկանց մասին է, միայնակ կնոջ եւ տղամարդու, որոնք հավաքական կերպարներ են։ «Հանդիսատեսն իրեն տեսնելու է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մեջ։ Մեզնից յուրաքանչյուրն այս կերպարների մեջ հարազատ շունչ է զգալու։ Միայնակ մարդիկ, որոնք հայտնվել են նույն վայրում նույն նպատակով՝ կախվելու համար: Նրանք ընթացքում սկսում են բացահայտել իրենց նախապատմությունը՝ ով ինչ խնդիրներ ունի եւ ինչն է իրեն հասցրել այդ կետին։ Շեշտը դրված է սիրո վրա։ Հերոսները սիրահարվում են, փորձում են օգնել միմյանց, հասկանալ՝ ինչու են ուզում կախվել, ինչու հենց հիմա, եւ արդյոք ոչինչ իրենց հետ չի պահի այդ մտքից եւ այլն։ Ուշագրավն այն է, որ ներկայացման ավարտը բաց է, որովհետեւ հանդիսատեսն ինքն է որոշում՝ արդյոք հերոսներն ի վերջո կախվում են, թե ոչ»,-պատմում է ռեժիսորն ու հավելում՝ թատերասերները դրաման բավականին թեթեւ են դիտելու, որովհետեւ կա մի փոքր լույս, որն անընդհատ հիշեցնելու է, որ ոչինչ վերջ չունի, քանի դեռ կա ընտրության հնարավորություն։

 

 

 

 

 

ԴԵՐԱՍԱՆԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է

Դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանը հայտնվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում. այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ 112 թելեգրամյան ալիքին հղումով։

Աղբյուրի տվյալներով՝ դերասանի մոտ բորբոքային պրոցեսներ են սկսվել։ 75-ամյա Մարտիրոսյանն այս պահին համալիր ուրոլոգիական հետազոտություն է անցնում։ Դերասանը հանդիսատեսին հայտնի է այնպիսի կինոնախագծերում իր դերերով, ինչպիսիք են «Վորոշիլովյան հրաձիգը», «Ռանետկի», «Վորոնինները», «Կրեմլի կադետները»: 1998թ.-ից Մարտիրոսյանը խաղում է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում:

 

 

 

 

ԳՆԵԼ Է 35 ՈՍԿԵ iPhone

Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի խաղացողների համար գնել է 35 ոսկե iPhone:

«Պատիվ էր Լեո Մեսսիին հանձնել 35 ոսկե iPhone 14-ները: Նա դրանք պատվիրել է թիմակիցների ու մարզչական շտաբի համար՝ որպես նվեր աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթելու համար»: Յուրաքանչյուր iPhone-ի հետեւի մասում գրված են Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստների անուններն ու խաղային համարները։ «Լիոնելը ոչ միայն բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է, այլ նաեւ Indesign Gold-ի ամենահավատարիմ հաճախորդներից մեկը: Նա կապվեց մեզ հետ աշխարհի առաջնության եզրափակչից մի քանի ամիս անց։ Նա ասաց, որ կցանկանար յուրահատուկ նվեր անել բոլոր խաղացողներին ու մարզչական շտաբին՝ իրենց գեղեցիկ հաղթանակը տոնելու համար, սակայն չցանկացավ ժամացույցի նման սովորական բան նվիրել։ Ես առաջարկեցի ոսկյա iPhone-ներ, եւ Լեոյին այդ գաղափարը դուր եկավ»,- ասել է Լիոնը The Sun-ին տված հարցազրույցում: Ըստ The Sun-ի՝ Մեսսին այս iPhone-ների վրա ծախսել է մոտ 175 հազար ֆունտ (գրեթե 200 հազար եվրո):

 

 

 

 

ՄԱԴՈՆՆԱՅԻ ՆՈՐ ԸՆԿԵՐԸ

Ընդամենը մի քանի օր է անցել այն օրվանից, երբ ցանցում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ 64-ամյա փոփ թագուհին բաժանվել է 23-ամյա մոդելավորող Էնդրյու Դարնելից։ Մադոննան նրանցից չէ, ով կտանջվի նախկին ընկերոջ համար։ Պարզվում է՝ երգչուհին գրեթե անմիջապես մխիթարություն է գտել մեկ այլ երիտասարդի գրկում։ Աստղն այժմ հանդիպում է բռնցքամարտիկ Ջոշ Պոպերի հետ։

Երգչուհու ընտրյալի մասին քիչ բան է հայտնի։ Նա 35 տարեկան է եւ ղեկավարում է Մանհեթենի Bredwinners մարզասրահը։ Նախկինում Ջոշը եղել է ոչ այնքան հաջողակ ֆուտբոլիստ։ Մի քանի անգամ նա նույնիսկ փորձել է մտնել ֆուտբոլի ազգային լիգա, սակայն չի անցել ընտրությունը։ Այժմ մարզիկը պարապում է երգչուհու երեխաների հետ, եւ հնարավոր է, որ հենց իր հետ նույնպես։

Ի դեպ, Մադոննան իր Instagram-ում փետրվարի վերջին լուսանկար էր հրապարակել իր նոր սիրելիի հետ, սակայն գրեթե անմիջապես ջնջել է այն։ Այդուհանդերձ, նկարում փոփ թագուհին շատ ջերմորեն գրկախառնված էր մի մարզիկի հետ: Սակայն Ջոշն իր պրոֆիլում լուսանկար է տեղադրել սիրելիի հետ։ Ո՛չ տղան, ո՛չ երգչուհին դեռեւս չեն մեկնաբանել այս լուրը, բայց նկարն ամեն ինչ պարզ է դարձնում:

 

 

 

 

ՇԱՏ ԳՈՀ Է ԽԱՂԻ ՈՐԱԿԻՑ

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը Լիվերպուլի «Էվերտոնի» նկատմամբ Անգլիայի առաջնության 7-րդ տուրից տեղափոխված խաղում։

«Շատ գոհ եմ արդյունքից, առաջին 25 րոպեներին լավ խաղացինք։ Հետո որոշ դժվարություններ ունեցանք, «Էվերտոնի» դեմ խաղալը բարդ է։ Հենց խփեցինք առաջին գոլը, խաղը բացվեց։ Մեզ մի փոքր մոգություն էր պետք, եւ Բուկայո Սական արեց դա։ Հետո ավելի մեծացրինք առավելությունը եւ արժանի հաղթանակի հասանք։

Երկրորդ խաղակեսում, իսկապես, շատ լավ խաղացինք եւ կարող էինք ավելի շատ խփել։ Շատ գոհ եմ մեր խաղի հասունությունից եւ որակից»,- Արտետայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

25 խաղից հետո «Արսենալը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Էվերտոնը» 18-րդն է՝ 21 միավոր։




Լրահոս