Լուսանկարը՝ համացանցից
Սեւանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի շեփորի 4-րդ դասարանի սան Արտյոմ Ավետիսյանը, մասնակցելով «Երաժշտություն՝ հանուն ապագայի» 2022-2023 թվականնների կրթական եւ զարգացման ծրագրի մրցույթին, դարձել է հաղթող եւ նույն հիմնադրամի կրթաթոշակառու:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ովքեր կարող են օտարերկրացուն Հայաստան այցելելու հրավեր տալ: Եվ խնդրում եմ ասել` որոնք են Հայաստան մուտքի վիզայի տեսակները։
Արմինե Մխոյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացուն Հայաստան այցելելու հրավեր կարող են տալ`
ա) Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին,
բ) Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին,
գ) Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք,
դ) ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները:
Հայտնում ենք, որ Հայաստան մուտքի վիզայի տեսակներն են`
ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին այցելելու, զբոսաշրջության, կրթական հաստատություններում ուսանելու, տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելության համար,
բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական անձնագիր կրող անձանց կամ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար,
գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար,
դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի տարածքով երթեւեկողների համար:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հրավերը պետք է պարունակի հրավիրվողի եւ հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանում մնալու ժամկետները:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ կատարել իմ կենսաթոշակի վերահաշվարկ: Խնդրում եմ ասել` դրա համար ինչ է անհրաժեշտ, որ դեպքում է կենսաթոշակը վերահաշվարկվում։
Լյուդմիլա Ներսիսյան (64 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը տվյալ ամսվա 1-ից,
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք՝ դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից,
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից,
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը՝ կենսաթոշակը նշանակելուց 2 ամիս հետո, ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ դիմումը եւ այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կնսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ՝
1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: