2022 թվականի մարտի 3-ին 71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Փաստորեն, երեկ լրացավ Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 1 տարին, սակայն այս մեկ տարվա ընթացքում դժվար է անգամ մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը: Նրա պաշտոնավարման մեկնարկից հետո Հայաստանը կրկին դժվարություններ է ունեցել՝ սեպտեմբերյան ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում եւ այլն, սակայն այդ իրադարձությունների ժամանակ, որպես երկրի նախագահ, նրա աշխատանքի արդյունքը չի զգացվել: Միակ բանը, որով թերեւս կարող ենք հիշել Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին, սկանդալն էր, որում նա հայտնվեց նախորդ տարվա սեպտեմբերին: Խոսքը դրվագի մասին է, երբ Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվել էր, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։ Հոդվածներում նշվում էր, որ նա ոչ միայն լուսանկարվել է, այլեւ բարձր շատախոսել է՝ առաջացնելով ներկաների զարմանքը։ Իհարկե, մյուս կարեւոր գործունեությունն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քծնելու մեջ է: Միայն այս տարվա փետրվարի 10-ին, երբ նրանք հանդիպել են, նախագահի լրատվության վարչության ուղարկած հայտարարության մեջ ութ անգամ Խաչատուրյանը շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին: Ահա թե ինչպես ենք ամփոփում Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին:
«Հայաստան» խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Որպեսզի ընդդիմության հեղինակած նախագիծը մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այն նախ պետք է երկշաբաթյա ժամկետում արժանանա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հավանությանը, իսկ որպեսզի ԱԺ-ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար պաշտոնապես դիմի ՍԴ, պետք է նախագիծն ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 ձայն: Հաշվի առնելով, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, ՔՊ-ականները եւս պետք է կողմ քվեարկեն: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՔՊ-ական անդամներն ասացին, որ դեռ չեն քննարկել այս հարցը, վերջնական որոշում չունեն, բայց առավել հակված են հավանություն չտալ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագծին: Ի վերջո, Սեդա Սաֆարյանին հենց ՔՊ-ն է գործուղել ՍԴ, վերջինս իշխանության «սրտի դատավորն» է, ուստի առավել հավանական է, որ ՔՊ-ականները չեն միանա ընդդիմության նախագծին: ՔՊ-ականները տարբեր առիթներով հայտարարում են, թե Սեդա Սաֆարյանի արարքի մեջ որեւէ հանցակազմ չկա։ Ստացվում է՝ իշխանությունը եւս հովանավորում է ՍԴ դատավորի ապօրինությունները:
Գյումրու փոխքաղաքապետի պաշտոններից մեկը 5-6 ամիս է՝ թափուր է: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Առուշանյանը, որը նախորդ տարի հոկտեմբերին հրաժարական տվեց եւ գործուղվեց խորհրդարան. այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է: Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ՔՊ-ն փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանի թեկնածությունը, եւ առաջիկա ավագանու նիստում, քաղաքապետի ներկայացմամբ, ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինս կընտրվի փոխքաղաքապետ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ Գյումրու աղբյուրները հայտնեցին, որ Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է: Գյումրիից մեր զրուցակիցը նշեց, որ վերջինս գյումրեցիներին ոչնչով հայտնի չէ, մինչ այս քաղաքական գործունեություն չի ծավալել, մասնագիտությամբ ատամաբույժ է,ավելին՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ամենապասիվ անդամներից է։ «ՔՊ-ում կադրային սով է, թեկնածու չունեն, փոխքաղաքապետի պաշտոնն էլ թափուր է։ Որպեսզի ինչ-որ մեկին լավություն անեն, որոշել են իրենց ազգականին լավություն անեն»,-ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, Գյումրու մյուս փոխքաղաքապետը Արթուր Պապիկյանն է, ով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է, նաեւ՝ նախկին զինվորական:
ՀՀ կառավարությունը շարունակում է պրակտիկան, երբ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների առաջարկները չեն ընդունվում եւ մնում են թղթի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը: Ասել է թե՝ տեղական ինքնակառավարում ասվածը հօդս է ցնդելու: Եվ, ահա, այս նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացրած է եղել 10-ից ավել առաջարկ, որոնք բոլորն էլ չեն ընդունվել, այնինչ կառավարության բոլոր առաջարկներն ընդունվել են, եւ համապատասխան փոփոխություններ են կատարվել: Յուրաքանչյուր անգամ առաջարկը չընդունելու տարբեր պատճառաբանություններ են բերվել, սակայն փաստն այն է, որ ընդդիմադիրների հետ չհամագործակցելու պրակտիկան ԱԺ-ում շարունակվում է: