ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՔ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, եւ Լաչինի միջանցքով երթեւեկությունը շարունակում է մնալ խաթարված». Բեռլինում՝ Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում, «Անվտանգությունը եւ կայունությունը՝ Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ընդգծել է, որ թեեւ բնական գազի մատակարարումը վերականգնվել է, սակայն Էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռեւս չի վերականգնվել, սննդի մատակարարումները դեռեւս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից:

Վարչապետի խոսքով՝ միայն Կարմիր խաչը եւ ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ եւ կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց՝ տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ:

Հաագայի դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին մինչեւ «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնելու հայերի էթնիկ զտումներ». հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի կառավարությունը դրսեւորել է քաղաքական կամք եւ վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ՝ շեշտելով՝ Երեւանը կառուցողականորեն ներգրավված է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում:

«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետեւյալ երեք հիմնական ուղղություններով՝ համաձայնագիր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակում եւ սահմանագծում եւ անվտանգություն», – ասել է գործադիրի ղեկավարը՝ վերահաստատելով՝ Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ կձեւավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ:

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծման կարեւորությունը, որը կունենա միջազգային տեսանելիություն եւ ներգրավվածություն:

«Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, եւ ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից եւս ստանալ որոշ աջակցություն», – հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ ելույթից հետո պատասխանելով ադրբեջանցի ներկայացուցչի հարցին:

«Մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք եւ պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը, մինչեւ որ կհասնենք վերջնական եւ կայուն խաղաղության: Եվ վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում եւ կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի: Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական եւ հարատեւ խաղաղության փաստաթուղթ լինի, եւ ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը՝ հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության: Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՄԻՐԶՈՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՆՅՈՒ-ԴԵԼԻ

Մարտի 3-4-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության եւ աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում, որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա գործընկերների հետ։

 

 

 

 

ՈՂՋՈՒՆԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է նախօրեին ՀՀ վարչապետի հետ ասուլիսի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արած հայտարարությունը: Կանցլերը նշել էր, որ Արցախի հարցը պետք է լուծվի Հայաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»: Կանցլերը նշել էր, որ Գերմանիայի համար այդ երկու սկզբունքները հավասարազոր են:

«Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որում նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա։ Կարգավորումն անհնար է՝ առանց լիովին հաշվի առնելու մեր հիմնարար/կոլեկտիվ իրավունքները»,- գրել է Արցախի նախագահն իր թվիթերյան միկրոբլոգում:

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Կորնել Իոնեսկուին եւ լիազոր նախարար Իոնել Իվանին:

Ռումինիայի դեսպանը ներկայացրել է իրենց երկրի՝ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած Ազգային հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը՝ նշելով, որ Ռումինիան մեծ առաջընթաց է արձանագրել հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունների քննության բնագավառում: Դեսպան Իոնեսկուի խոսքով՝ Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն մարմինը թափանցիկ եւ հրապարակային աշխատանքի շնորհիվ այսօր վայելում է հանրության զգալի մասի վստահությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում ավելի արդյունավետ միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների հակակոռուպցիոն մարմինների միջեւ համագործակցային կապերի ձեւավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները, այդ թվում՝ փոխադարձ այցերի միջոցով:

 

 

 

 

ՔԱՇՔՇՈՒԿ՝ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՒ ՎԱՃԱՌՈՂԻ ՄԻՋԵՒ

Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում երեկ միջադեպ է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ: Պատգամավորը եւ այդ փողոցում կարտոֆիլ վաճառողը քաշքշել են միմյանց, ինչից հետո նրանց կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու: Աղազարյանն ասաց, որ ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն: «Ես Տիգրանյան փողոցով երթեւեկելիս նկատեցի, որ փողոցի մի հատվածում մեքենա կա կանգնած, առեւտուր էին անում, կարտոֆիլ էին այդտեղ վաճառում, կանգնեցի ու փորձեցի ճշտել՝ թե ումն է, ով է վաճառում, մոտեցավ մի տղամարդ, կոպիտ սկսեց խոսել, ասաց՝ իմ կարտոֆիլն է, ես եմ վաճառում, իմ երեխաների հացն է: Ես էլ ասացի՝ քո երեխաների հացն է, բայց փողոց ես փակում, երթեւեկություն ես խանգարում, վթարային իրավիճակ ես ստեղում, կարող է վտանգավոր միջադեպ լինի, ուրիշի երեխան ընկնի մեքենայի տակ. ինչու՞ կարտոֆիլը չես վաճառում այնտեղ, որտեղ թույլատրվում է: Քաշքշոց եղավ, հետո ոստիկաններն եկան ու տարան, ես էլ ոստիկանությունում բացատրություն տվեցի»,-պատմեց պատգամավորը:

 

 

 

 

ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, թե Բաքվի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը Արցախի կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել: Արցախի արտգործնախարարությունից նաեւ հայտնում են, որ նման ձեւաչափով շփումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցություններին: Կառույցը շարունակում է՝ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգային միջնորդական ձեւաչափը: Նկատենք՝ Բաքուն այլ կերպ է ներկայացնում հանդիպումը: Նրանք հայտարարել են, թե քննարկել են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Եվ առաջին անգամ նաեւ հայտարարվեց, թե Բաքուն Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու է նշանակել Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, որը բանակցություններից հետո վստահեցրել է՝ երկխոսությունը կայացած է: Արցախից Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը: Ադրբեջանը Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում:

 




Լրահոս