2023 թվականի մարտի 3-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ենթադրյալ ապացույցներ կեղծելու վերաբերյալ քրեական վարույթը:
Դատախազությունից ArmLur.am-ին հայտնում են, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քննիչ Ա.Ո.-ն, զբաղեցնելով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իրականացրել է Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կողոպուտ) հարուցված քրեական վարույթի նախաքննությունը: Վարույթի նյութերով պարզվել է, որ քննիչ Ա.Ո.-ն, որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի (անձանց) հայտնի չլինելու հիմքով, 2022 թվականի մարտի 31-ին կայացրել է նշված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում:
Այնուհետեւ դրա օրինականությունը ստուգելու նպատակով ուղարկել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հսկող դատախազի կողմից քննիչին տրվել է քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու, հանցանք կատարած անձանց ինքնությունները պարզելու նպատակով տուժողի դստերը՝ առերեւույթ հանցավոր արարքի կատարման ականատես վկային լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ գրավոր ցուցում:
Ստանալով քրեական վարույթի նյութերը եւ դատախազի ցուցումը՝ այն իբրեւ կատարելու, հանցագործությունը բացահայտելու պատրանք ստեղծելու նպատակով քննիչ Ա.Ո.-ն վկայի տվյալներով կազմել է լրացուցիչ հարցաքննության տպագիր արձանագրություն, շարադրել նախորդ հարցաքննությանը հակասող բովանդակությամբ ցուցմունք՝ ներառելով կեղծ տեղեկություններ:
Այնուհետեւ քննությամբ դեռեւս չպարզված անձը հարցաքննության արձանագրությունում վկայի փոխարեն ստորագրել եւ կատարել է «Ցուցմունքը տպագրվեց քննիչի կողմից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ» ձեռագիր գրառումը, իսկ քննիչ Ա.Ո.-ն իր ստորագրությամբ հաստատել է ապացուցողական գործողության արձանագրությունը:
2023 թվականի հունվարի 5-ին դատախազը Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով (քննիչի կողմից ապացույցներ կեղծելը): Որպես խափանման միջոց ընտրված է պաշտոնավարման կասեցումը եւ բացակայելու արգելքը:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՔԿՀ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից եւ դատապարտյալից կաշառք ստանալու դեպքեր:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության եւ թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսեւորելու եւ խնդիրներ չստեղծելու, ինչպես նաեւ արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսը չառգրավելու համար դատապարտյալից պահանջել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Դրանից հետո՝ 2022 թվականի մայիսի 30-ին, կաշառքի հիշյալ գումարը դատապարտյալ Ա. Ս.-ի կնոջ բանկային հաշվից փոխանցվել է ՔԿՀ պաշտոնյայի՝ Ա. Ա.-ի կնոջ անվամբ գրանցված, սակայն փաստացի Ա. Ա.-ի կողմից տնօրինվող բանկային հաշվին:
Բացի այդ, վերը նշված պաշտոնատար անձը նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» Ա. Դ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսեւորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաեւ բջջային հեռախոսը չառգրավելու համար հիշյալ կալանավորից պահանջել եւ վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից վճարային տերմինալներից տարբեր օրերին կատարված փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 448.600 ՀՀ դրամ կաշառք, որը կրկին փոխանցվել է իր կնոջ բանկային հաշվեհամարին:
2023թ. փետրվարի 28-ին հիշյալ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ:
2023թ. մարտի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դատապարտյալ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):
Նույն օրը քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Նախաքննոթյունը շարունակվում է:
ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
Արագածոտնի մարզում երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։40-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի վարչական տարածքում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL եւ Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների եւ մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
ԱՎՏՈՎԹԱՐ
Մարտի 2-ին՝ ժամը 22:26-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ս. Խ.՝ ծնված 1983 թ.) եւ Toyota Camry (վարորդ՝ Ռ. Հ.՝ ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւոր Վ. Օ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
ՄԵՔԵՆԱՆ ԱՅՐՎԵԼ Է
ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում մարտի 3-ին՝ ժամը 09:07-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Դ. Բեկ փողոցում հրդեհ է բռնկվել:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելուեւ բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, զննել եւ համոզվելով, որ վտանգ չի սպառնում, վերադարձել են մշտական տեղակայման վայր:
Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: