ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 4 ՀԱՐՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի կատարումն Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել ՀՐԱՏԱՊ հումանիտար հարցեր. այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը:

 

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի մարտի 1-ին՝ ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում, զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան եւ ադրբեջանական կողմերի հանդիպում, որին մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ձեւավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։

Հանդիպման օրակարգային հարցերն էին՝

  1. Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը եւ հետագա գազանջատումների բացառումը,
  2. Արցախի Հանրապետության էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման եւ «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը,
  3. Կաշենի եւ Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը,
  4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։

Բացման խոսքում խաղաղապահ զորախմբի հրամանատարը ներկայացրել է հանդիպման մասնակիցներին՝ որպես Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կողմեր։ Այնուհետեւ արցախյան խմբի ղեկավարը ադրբեջանական կողմին պարզաբանել է իր գլխավորած խմբի լիազորությունները, այն է՝ վերը նշված կոնկրետ հարցերի քննարկումը եւ դրանց վերաբերյալ լուծումների որոնումը։

Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։ Վերջինս ընդգծել է նաեւ, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, եւ դրա համար անհրաժեշտ է ձեւավորել միջազգային լայն աջակցությամբ ձեւաչափ: Հարկ է նշել, որ ադրբեջանական խմբի մյուս անդամները զբաղվել են վերը նշված չորս կոնկրետ հարցերի քննարկմամբ եւ լուծումների որոնմամբ, ըստ այդմ՝ հանդիպման հետագա ընթացքը լիովին համապատասխանել է օրակարգով սահմանված շրջանակներին։ Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին եւ առաջիկա օրերի ընթացքում խաղաղապահ զորախմբի միջոցով արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին։ Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաեւ կողմերի միջեւ հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձեւավորման պայմանավորվածություն։ Հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատվություն՝ այն նկատառմամբ, որ գործընթացը դեռեւս գտնվում է աշխատանքային փուլում։ Սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել՝ մասնավորապես հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։ Ադրբեջանական պաշտոնյաների եւ մամուլի միջոցների այս զեղծարարությունը, ցավոք, օգտագործվել է նաեւ հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թյուր տպավորություն, թե, իբր, արցախաադրբեջանական շփումներում քննարկվում են հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր: Ինչպես նշեցինք, մարտի 1-ի հանդիպումը, որին, կրկնում ենք, մասնակցել է նաեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը, նվիրված է եղել միայն Արցախի շրջափակման ու դրան առնչվող խնդիրների վերացման քայլերի քննարկմանը։ Ադրբեջանական հաջորդ ապատեղեկատվությունը, որի համաձայն՝ կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը, իբր, «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, եւս չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին եւ համոզված լինել, որ վերը նշված գործընթացի եւ դրա արդյունքների մասին հանրությանը տրվելու է սպառիչ տեղեկատվություն։

 

 

 

 

ԿՎԱՃԱՌՎԵՆ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

Մարտի 6-ին կտեղաբաշխվեն 2024 թվականի մարտի 4-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաեւ կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետեւյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%, 12 ամիս` 9.0%, 24 ամիս` 9.2%, եւ 36 ամիս՝ 9.5% տարեկան եկամտաբերություններով:

 

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչեւ մարման ժամկետի լրանալը՝ հետգնման օրը հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաեւ մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով, կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետեւյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1,

Տիգրան Մեծի 24,

Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

 

 

 

 

 

ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործը 2023 թվականի մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), նախաձեռնվել էր քրեական վարույթ: Վարույթով պարզվել էր, որ Գ.Թ.-ն, զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից եւ իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ եւ հայհոյանքներ: 2022 թվականի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ.Թ.-ի նկատմամբ. Գ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը:

 

 

 

 

ՓԱԿԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հրդեհից մահացած 19-ամյա զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երեւան ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հարազատները փակել էին ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Շիրակի մարզի Ազատան համայնքում բնակվող Պողոսյանների ընտանիքը ժամկետային զինծառայող որդու վերադարձին սպասում էր 2023-ի մարտին, սակայն, ինչպես տեղեկացրին ծնողները, դեպքից ամիսներ անց չկա տեղեկատվություն գործի քննության ընթացքի մասին:

Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝ պայմանով, որ համապատասխան մարմինները կօգնեն հանդիպում կազմակերպել պաշտպանության նախարարի հետ: Ծնողները վստահեցնում են՝ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում դա չհաջողվի, իրենք նոր քայլեր կձեռնարկեն:

Սիսիանի դիրքերից մեկում՝ 3700 մետր բարձրության վրա՝ զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից Պալյան Պողոսյանն այրվածքներ էր ստացել: Նրան նախ տեղափոխել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ՝ Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Ինն օր անց տղան մահացավ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներից:

 




Լրահոս