ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է գրանցել. աճել է ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը: Հայաստանը նախորդ տարի նաեւ վերականգնել է իր տեղը Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկում, ինչի արդյունքում ավելի լայն համագործակցության հնարավորություններ են բացվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը, որը Գերմանիայում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում:

 

Փոխնախարարը նշեց, որ այցի օրակարգում կան տնտեսական հարցեր: «Վարչապետն իր խոսքում էլ որոշակի հղումներ կատարեց տնտեսական օրակարգին: Նշվեց «կանաչ ջրածնի» հնարավոր համագործակցության դաշտի մասին: Մեր կարծիքով՝ դա բավականին հեռանկարային է»,-ասաց փոխնախարարը:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանից Գերմանիա արտահանումը 2022 թվականին կազմել է 106 մլն 72.2 հազար դոլար, ինչը, 2021-ի համեմատ, աճել է 36.7 տոկոսով, իսկ ներմուծումը նախորդ տարի կազմել է 457 մլն  46.3 հազար դոլար, ինչը, 2021-ի համեմատ, ավելի է 2.1 անգամ:

Փոխնախարարը նկատեց՝ այդ բավականին մեծ աճը եվրոպական կողմում որոշակի շրջանակներում անհանգստություն է առաջացրել՝ այն մտավախությամբ, թե արդյոք դրանք ինչ-որ ձեւ առնչվում են Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան սանկցիաների շրջանցմանը:

«Կան մի շարք այլ պատճառաբանություններ, թե ինչու է առեւտրաշրջանառութունը նման աճ գրանցել: Երբ աշխարհում մատակարարման որոշ շղթաներ փոխվում են, տրամաբանական է, որ տնտեսավարողները փորձում են գտնել նոր շղթաներ: Եվ Հայաստանն այդ մատակարարման շղթաների մեջ ունի իր դիրքը: Դա փորձում ենք լավագույնս օգտագործել՝ ամենեւին չխաթարելով գոյություն ունեցող երկկողմանի պատժամիջոցների միջավայրը: Մենք աչալուրջ հետեւում ենք բոլոր գործարքներին եւ հետեւողական ենք, որ բոլոր տեսակի օրենսդրական պահանջները պահպանենք»,- վստահեցրեց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը որոշ ժամանակ  դուրս էր մնացել Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկից, սակայն անցյալ տարի հաջողվել է վերականգնվել:

«Եվ մենք այսուհետ նույնպես կլինենք Գերմանիայի երկկողմ համագործակցության երկրների ցանկում: Սա նշանակում է, որ բավականին հետաքրքիր հնարավորություններ են բացվում՝ ավելի լայն համագործակցության, ավելի խոշոր ֆինանսական ծրագրեր կարող են ներգրավվել Հայաստանում: Այս առումով աշխատանքները շարունակվում են»,-ասաց Ռաֆայել Գեւորգյանը:

Երկու երկրները տարբեր ոլորտներում ունեն  բավականին հագեցած օրակարգ: Անդրադառնալով տնտեսականին՝ փոխնախարարն  ասաց, որ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումից սկսած մինչեւ խոշոր արդյունաբերական ներդրումներ տեղ են գտել այդ օրակարգում: «Կարծում եմ՝ հենց այդ ուղղությամբ էլ համագործակցությունը պետք է շարունակել: Կարծում ենք, որ այն պայմանագրային ու իրավական դաշտը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ, թույլ են տալիս խոսել խոշոր ներդրումային ծրագրերի մասին, եւ այդ ուղղությամբ առաջիկայում ակտիվ աշխատանք ենք տանելու»,-նշեց Գեւորգյանը:

Նա հնարավոր համարեց Հայաստանի ու Գերմանիայի միջեւ առաջիկայում վերամշակման ոլորտում որոշակի համագործակցություն սկսելը:

 

 

 

 

 

ՄԻԱՑԵԼ Է ԾՐԱԳՐԻՆ

«Ակբա» բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը։

«Մենք միացել ենք ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին, որպեսզի խթանենք վերջինիս սկզբունքների տարածումն ու զարգացումը։ Այդ սկզբունքների նպատակը, առաջին հերթին, հավասարության սահմանումն է՝ սկսած աշխատանքային բարվոք պայմաններից մինչեւ առողջության, անվտանգության, բարեկեցության, կրթության ու մասնագիտական զարգացման հավասար հնարավորությունների ստեղծում։ Պետք է ընդգծել, որ այս ծրագրին անդամակցելով՝ մենք ոչ թե նոր պարտավորություն ենք ստանձնում, այլ վերահաստատում ենք եւ ընդգծում մեր կողմից վաղուց որդեգրված քաղաքականությունը. կանայք չափազանց կարեւոր դեր են խաղում բոլոր բնագավառներում»,- նշել է «Ակբա» բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաեւ պանելային քննարկում՝ «Կանանց հզորացման սկզբունքները. հավասարություն աշխատավայրում» թեմայով։ «Ակբա» բանկը Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է, որտեղ աշխատում է իգական սեռի շուրջ 1100 ներկայացուցիչ, ինչը կազմում է բանկի ընդհանուր աշխատակիցների շուրջ 65%-ը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

 

 

 

Fitch-Ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ

Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է «Ակբա» բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի»:

Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ վերանայումը պայմանավորված է ՀՀ վարկանիշի հեռանկարի ու բանկի վարկային պորտֆելի որակի բարելավմամբ, ինչպես նաեւ ներգրավվող ռեսուրսների եւ իրացվելիության մակարդակի ամրապնդմամբ:

Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաեւ նշվում է, որ, վերջինիս ակնկալիքով, տնտեսական դրական պայմանները կպահպանվեն եւ կնպաստեն բանկի ֆինանսական կայունության ամրապնդմանը, շահութաբերության աճին, իրացվելիության մակարդակի բարձրացմանը, իսկ բանկի ակտիվների որակը կշարունակի մնալ բարձր։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




Լրահոս