ArmLur.am-ը ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացավ, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է հիմնադրման 60-ամյակը:
Այս կապակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական գալա համերգ, որին ներկա են եղել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է երաժշտական կոլեկտիվին հոբելյանի կապակցությամբ եւ ընդգծել նվագախմբի նվիրյալների վաստակը կամերային երաժշտության տարածման, միջազգային հարթակներում հայ կատարողական արվեստը ներկայացնելու գործում:
«Ուրախալի է, որ այսօր էլ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է գալիս իբրեւ ամենաակտիվ երաժշտական կոլեկտիվներից մեկը: Բոլորովին վերջերս նվագախումբը նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ փայլուն ելույթներով հանդես է եկել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Արձագանքներն ավելի քան տպավորիչ են:
Վստահ եմ, որ նվագախումբը շարունակելու է մնալ կամերային երաժշտության տարածման առաջատարը եւ բարձր մասնագիտական ու գեղարվեստական չափանիշների պահապանը: Ի սրտե շնորհավորում եմ նվագախմբին, կամերային երաժշտության ազգային կենտրոնի ղեկավարությանը եւ երաժշտասեր հանրությանը հոբելյանի կապակցությամբ»,- ասվել է ուղերձում: Համերգի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաեւ նվագախմբի հիմնադրման 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Աստղիկ Բագրատի Վարդանյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մեդալով: Համերգի ընթացքում հնչել են հայ եւ համաշխարհային երաժիշտների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի, Մոցարտի, Բեթհովենի, Վիվալդիի:
Նվագախմբի հետ կատարումներով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստներ Նիկոլայ Մադոյանը, Նարեկ Հախնազարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, դիրիժորներ Ռոբերտ Մլքեյանը, Զավեն Վարդանյանը, Հմայակ Դուրգարյանը: Նվագախմբին միացել են նաեւ «Հովեր» եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբերը:
Լ.Ե.
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Գարնան առաջին օրը հրաժեշտ տվեցինք ցրտաշունչ ձմռանը եւ բարի գալուստ մաղթեցինք գարնան արեւաշատ օրերին: Իհարկե, ոմանց համար գարնան առաջին օրը առանձնահատուկ էր, իսկ ոմանց համար էլ սովորական, հերթական մի օր էր: ArmLur.am-ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, որոնք գարնան առաջին օրը դիմավորել են գեղեցիկ ծաղիկներով եւ մեծ սպասումներով:
«Միսս Հայաստան» մրցույթի հաղթող, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն օրն առանձնացրել է գարնանային ֆոտոշարքով:
Դերասանուհի Էմմա Սապուբջյանն օրվա առթիվ հումորային գրառում է արել. «Իմ դեմքը, երբ հասկացա, որ արդեն գարուն է»:
Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը հրապարակել է կակաչների գեղեցիկ փնջով լուսանկար եւ իր սերն արտահայտել հետաքրքիր գրառմամբ. «Ինձ թվում է՝ եթե ես մարդ չծնվեի, ապա հաստատ ծաղիկ էի լինելու…»:
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն օրվա առթիվ հրապարակել է գեղեցիկ դեղին կակաչներով լուսանկար: «Գարուն». վերնագրել է նկարը:
ԿԵՐԿԱՐԱՁԳԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Միլանի «Ինտերի» եւ Թուրքիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հական Չալհանօգլուն կերկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի հետ։
«Հպարտ եմ, որ մնալու եմ «Ինտերում»։ Ցանկանում եմ հետագայում էլ խաղալ այստեղ։ «Ինտերն» առանձնահատուկ ակումբ է»,- ասել է ֆուտբոլիստը:
Չալհանօգլուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Նա «Ինտեր» է տեղափոխվել 2021-ին գերմանական «Բայերից»։ Չալհանօգլուն ծնվել է Գերմանիայում եւ հանդես է եկել նաեւ «Կառլսրուեում» եւ «Համբուրգում»։
Ընթացիկ մրցաշրջանում Չալհանօգլուն «Ինտերի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՇՈՒՇԻՈՒՄ
Ադրբեջանի իշխանությունները շրջագայություններ են կազմակերպում օկուպացված հայկական Շուշի քաղաքում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ շրջագայությունները լինելու են «մեծ վերադարձի քաղաքականության» մի մասը, ընդ որում՝ օկուպացված հայկական քաղաք կարող են այցելել 18 տարեկանից բարձր անձինք։
Առաջին տուրիստական ուղեւորությունները կիրականացվեն Նովրուզ տոնի նախաշեմին շաբաթական մեկ անգամ՝ սկսած մարտի 18-ից։ Հաջորդ փուլում նախատեսվում է ավելացնել տուրերի քանակը։
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 220 միլիոն եվրո կառաջարկի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար։
Անցած ամռանը Մբապեն կարող էր անվճար տեղափոխվել Արքայական ակումբ, սակայն նոր պայմանագիր կնքեց փարիզյան ակումբի հետ։ Այն նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս եւս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել է 29 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։