Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սև շուկան:
Մարտի 6-ին տեղեկութուն հրապարակվեց այն մասին, որ սկսվել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային տոմսերի առցանց վաճառքը; Ընդ որում, տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս: ՀՖՖ-ից նաև հայտնել էին, որ տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ:
Սակայն արդեն մարտի 13-ին հայտնի դարձավ, որ բոլոր տոմսերը սպառվել են և մարզադաշտի տոմսարկղում տոմսերի վաճառք չի լինի: Եվ ահա, այս հանգամանքն առաջացրել է երկրպագուների զայրույթը և սկիզբ դրել տոմսերի վաճառքի սև շուկայի:
Նախ նշենք, որ օնլայն տարբերակով գնելու պարագայում տոմսերի արժեքներն են՝
– Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
– Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
– Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ
Իսկ հիմա կան անձինք, որոնք տոմսերը վաճառում են աստղաբաշխական թվերով:
Օրինակ, արևելյան տրիբունայում այժմ կարող եք մեկ տոմսը ձեռք բերել 25-35 հազար դրամով, հարավային և հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսի արժեքը 20 հազար դրամ է, արևմտյան տրիբունայում մեկ տոմսի արժեքը հասնում է 50 հազար դրամի:
Օգտատերերը բողոքում են, թե չեն հասցրել տոմսեր գնել առցանց եղանակով և սպասել են դրամարկղում վաճառքի, այնինչ պարզվել է, որ շատ արագ են սպառվել տոմսերը և շատերը դա կասկածելի են համարում: