ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տրամադրել հանրային շահ ներկայացնող հարցման պատասխանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը մարտի 1-ի իր համարում հոդված էր հրապարակել այն մասին, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով, ինչի իրավունքը չունի: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե ով է ԱԺ պատգամավորին տրամադրել այդ համարանիշները, եւ ինչու է նա շրջում օպերատիվ համարանիշներով, եթե չունի դրա իրավունքը: Ի վերջո, դրանք ամենեւին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն, ուժային այլ կառույցներից մեկին է պատկանում (չենք հրապարակում՝ որ մեկին): Եվ, ահա, Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ստացել ենք պատասխան. «Ի պատասխան Ձեր՝ 28.02.2023 թ. գրության՝ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրական կարգավորումների ուժով հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել»։ Այսինքն՝ նորացված ոստիկանությունը հայտնում է, թե գաղտնի տեղեկություն է հարցվածը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ իրականում Անդրանիկ Քոչարյանի ծառայողական ավտոմեքենայի համարանիշները օպերատիվ համարանիշներ են, քանի որ միայն այդ դեպքում է անհայտ, թե պետհամարանիշի տերն ով է: Տեղեկացնենք, որ օպերատիվ պետհամարանիշը ենթադրում է բառի բուն իմաստով անպատիժ երթեւեկություն. կարող ես արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքում կանգնել, մի խոսքով, ինչ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում ուզես՝ կարող ես անել, միեւնույնն է, չես տուգանվում: Դա պատճառաբանվում է որպես ծառայողական անհրաժեշտություն: Տեսահսկողության խցիկներն էլ օպերատիվ համարանիշներով ավտոմեքենաների խախտումները չեն գրանցում: Խոսքն այս դեպքում 610 CM 61 համարանիշի մասին է: Եւս մեկ անգամ շեշտենք, որ մեր հարցված տեղեկությունը հանրային շահ է հետապնդում, եւ հանրությունն էլ պետք է իմանա, թե ինչու է պատգամավորին այդպիսի համար տրամադրվել: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, սակայն, որոշել է հովանավորել Անդրանիկ Քոչարյանին՝ թերեւս մտավախություն ունենալով, որ նոր դավեր կարող է նութել իր դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում լարվածությունը եւ հակասությունները գնալով խորանում են: Բանն այն է, որ ՔՊ-ականները բաժանված են մի քանի խմբերի. մի թեւը Անդրանիկ Քոչարյանի շուրջ են, մյուսը, այսպես կոչված, նախկին ՀԿ սեկտորի թեւն է, որոնք անվերապահ աջակցում են Արսեն Թորոսյանին, վերջինիս համարում են արդարության առաջամարտիկ, որ համարձակվեց ՔՊ կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին բարձրաձայնել ներսում, բողոքարկել: Հաջորդը Ալեն Սիմոնյանի թեւն է, եւ կա նաեւ «փաշինյանականների թեւ», որոնք խմբակցության ներսում կատարվող ցանկացած իրադարձություն շտապում են հայտնել Փաշինյանին ՍՄՍ-ներով, որպեսզի նրա աչքին բարձրանան: Ահա այս խմբերը առիթը բաց չեն թողնում տարբեր առիթներով իրար մեղադրելու եւ միմյանց վրա ցեխ շպրտելու՝ նաեւ մեդիա տիրույթ նետելով բազմազան լուրեր: Հատկապես լարված են «քոչարյանական» եւ «թորոսյանական» թեւերի հարաբերությունները: Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանի «աջակիցները» փորձում են ամեն կերպ թուլացնել Թորոսյանի դիրքերը կուսակցության ներսում, ինչպես նաեւ Թորոսյանի հետ կապված հակաարշավ են տանում Փաշինյանի մոտ:
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հունվարի 10-ից համարել են, որ սկսվել է հաշվարկը, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ՝ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 3 օրից կլրանա երկրորդ ամիսը, սակայն մինչ օրս ՍԴ որեւէ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարանի նախագահին: Փոխարենը «Հայաստան» խմբակցությունն է արդեն շրջանառության մեջ դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Որպեսզի ընդդիմության հեղինակած նախագիծը մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այն նախ պետք է երկշաբաթյա ժամկետում արժանանա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հավանությանը, իսկ որպեսզի ԱԺ-ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար պաշտոնապես դիմի ՍԴ, պետք է նախագիծն ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 ձայն: Արդեն ակնհայտ է, որ այս նախագիծը հավանության չի արժանանա, եւ ՔՊ-ն կպաշտպանի իր կողմից ընտրված դատավորին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ՍԴ-ում սպասում են ԱԺ զարգացումներին, թեեւ կանխատեսելի է, որ խորհրդարանում որեւէ զարգացում էլ չի լինի: Մնում է «ինքնադատաստանի» տարբերակը: ՍԴ-ում քննարկել են, եւ չի բացառվում, որ ՍԴ դատավորների զգալի մասը հավաքվի եւ որոշի, թե ինչ հանգուցալուծում տա Սեդա Սաֆարյանի կողմից կատարված ապօրինի գործողություններին, երբ լինելով դատավոր՝ նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ խորհրդարան չի ներկայացրել նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդումը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածը սահմանում է. «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «ԱԺ կանոնակարգ»-ի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ»: Նույն հոդված 126-ն էլ սահմանում է, որ նախագիծը խորհրդարան ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում, առանց որեւէ փաստաթղթի ընդունման. երկամսյա ժամկետում՝ խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում: Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գլխավոր դատախազը հաղորդումը ներկայացնելու համար խորհրդարան կգա մայիս ամսվա հերթական նիստերի ժամանակ: Այստեղ, սակայն, հետաքրքիր է այն, որ Աննա Վարդապետյանը, ըստ էության, իր հաղորդման մեջ ավելի շատ ներկայացնելու է նախորդ դատախազի՝ Արթուր Դավթյանի կատարած աշխատանքը, քանի որ Վարդապետյանն իր պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերին: Հետաքրքիր է՝ ինչպես իրենց կդրսեւորեն ՔՊ-ականները. կքննադատե՞ն արդյոք, թե՞ էլի հիացմունքով ելույթներ կունենան Արթուր Դավթյանի գործունեության մասին: