ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երեք տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը փորձում է Վրաստանի Փոթիի եւ Ռուսաստանի Կովկաս նավահանգիստների միջեւ լաստանավային բեռնափոխադրումներ կազմակերպել, որը պետք է այլընտրանք դառնա մշտապես ծանրաբեռնված Վերին Լարսի անցակետին։ Լաստանավեր ձեռք բերելու կառավարության մտադրության մասին առաջին անգամ դեռ 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովում հայտարարել էր տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս երեք տարիների ընթացքում տարբեր խոստումներ են եղել, որոնք որեւէ մեկն էլ իրականություն չեն դարձել: Լաստանավեր գնելու մտադրության մասին կառավարության 2019-ի հայտարարությունից հետո՝ շուրջ մեկուկես տարվա ընթացքում, որեւէ առաջընթաց չգրանցվեց։ Լռությունը 2021-ի օգոստոսին խախտեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով, որ կառավարությունը փորձելու է լաստանավային ուղին գործարկել մինչեւ 2021-ի տարեվերջ։ Ավելի ուշ նախարարը հայտնեց, որ լաստանավային փոխադրումը կսկսի գործել նոյեմբերից, սակայն ո՛չ նոյեմբերին, ո՛չ էլ 2021-ի տարեվերջին լաստանավային անցումը չգործարկվեց։

2022-ի մարտին կառավարությունը որոշում ընդունեց պետբյուջեից սուբսիդավորել կանոնավոր լաստանավային բեռնափոխադրման՝ տնտեսվարողների ծախսերը։ Արդեն մայիսին Վահան Քերոբյանը կառավարության նիստին ազդարարեց, որ 2022-ի հունիսի 15-ից կմեկնարկի լաստանավային հաղորդակցությունը, ինչը վերահաստատեց նաեւ հունիսին 6-ին։ Հունիսին 15-ն անցավ, սակայն լաստանավային ուղին կրկին չգործարկվեց։ Օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ լաստանավի գործարկումն ընդամենը օրերի հարց է, սակայն 2022-ը նախորդ տարվա պես անցավ առանց խոստացված լաստանավային հաղորդակցության։  Քրոնիկոնը ամփոփել էր CivilNetCheck-ը եւ եւս մեկ  անգամ ապացուցել, որ կառավարության խոստումներն իրականություն չեն դառնում:

Այսպիսով, չնայած կառավարության հավաստիացումներին եւ վերջնաժամկետներին՝ մինչ օրս լաստանավային անցումը չի գործարկվել, իսկ հայաստանյան տնտեսվարողների բեռնատարները շարունակում են շաբաթներով սպասել Վերին Լարսում։

 

 

 

 

ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հսկող դատախազ է նշանակվել Գորիկ Հովակիմյանը: Ուշագրավն այն է, որ նա  անցել է «Մարտի 1»-ի գործով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիկ Հովակիմյանի  դեմ «Մարտի 1»-ի գործով չերյոմուխայից  վնասվածք ստացած անձանցից մեկը ցուցմունք է տվել, թե Հովակիմյանը իր  աշխատասենյակում բռնության է ենթարկել իրեն, ինչը դարձել է քննության առարկա, եւ հետագայում գործը կարճվել է: Ի դեպ, Հովակիմյանը անգամ 2018 թվականին  ՀՔԾ-ում՝  ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեում, հարցաքննվել է որպես վկա: Հիշեցնենք, որ խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձանց կողմից խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին է: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Այս միջադեպից երեք տարի անց նախաքննական մարմինը երկու անձանց է  օրերս կալանավորել, որոնք չեն ընդունում, որ ծեծել են Արարատ Միրզոյանին։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել էր թմրաբանական փորձաքննություն, քանի որ  կասկածներ  էին եղել, թե թմրանյութ է եղել կացարանում:  Եզրակացությամբ հաստատվել է, որ ողջ մնացած զինվորներն ու սպան թմրանյութ չեն օգտագործել։ Նախաքննական մարմինը նաեւ դատաքիմիական փորձաքննություն է նշանակել՝ հասկանալու համար, թե նրանք ալկոհոլ օգտագործել են, թե ոչ։  Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կենդանի մնացած երկու զինվորն ու  սպան ալկոհոլ եւս օգտագործած չեն եղել: Ի դեպ, սպա Եղիշե Հակոբյանին այրվածքաբանության հիվանդանոցից տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, եւ նա կրկին պատրաստակամություն է հայտնել շարունակել հարցաքննությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչ հետեւանքով մահացան 15 զինծառայող. գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։

 

 

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 240 հազար դրամ է տրամադրել դրոշներ գնելու համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ գումարով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Լյուքսեմբուրգի դրոշներ է գնել: Խոսքը 4 դրոշի մասին է, այսինքն՝ յուրաքանչյուր դրոշի համար տրամադրվել է 60 հազար դրամ: Մենք տեղեկացանք, որ այդ դրոշները գնվել են Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի ժամանակ: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի տեղափոխության համար 370 հազար դրամի պայմանագիր է կնքվել, եւ տրամադրվել է տրանսպորտային ծառայություն:  Մեկ այլ պայմանագրով՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Ժ. Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորելու համար 50 հազար դրամ է ծախսվել: Այդ գումարով մեկնող եւ ժամանող անձանց սպասարկում է իրականացվել օդանավակայանում: 120 հազար դրամ էլ տրամադրվել է թարգմանիչներին՝ թարգմանական ծառայություններ մատուցելու համար: Մետաքսե փողկապ գնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 53 հազար դրամ է ծախսել: Մեկ այլ գնմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 10 շիշ ջուր է գնել եւ ընդհանուր առմամբ 51 հազար դրամ գումար ծախսել այդ նպատակով:




Լրահոս